Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 62

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

1. Հոգեբանությունը որպես գիտություն

1.1. Հոգեբանական գաղափարների պատմական զարգացումը, «Հոգեբանության» կայացումը:

Հոգեկան իրականության ճանաչման անհրաժեշտությունն ու նպատակը: «Հոգեբանություն» (πυχολογια) հասկացության ներմուծումը: Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման առարկայական պարբերականացում` հոգեբանությունը որպես գիտելիք հոգու, գիտակցության, վարքի, հոգեկանի մասին: Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման մեթոդաբանական պարբերականացում` անիմիստա­ծիսակարգային հոգեբանություն, առասպելաբանական հոգեբանություն, փիլիսոփայական հոգեբանություն, կրոնական հոգեբանություն, գիտական հոգեբանություն: Ժամանակակից հոգեբանական ուղղություններ:

Բոլոր ժամանակներում մարդուն հետաքրքրել են հոգեկան իրականության գաղտնիքները: Լինելով անտեսանելի` հոգին կենդանացնում է տեսանելին, լինելով աննյութական, հոգին շարժում է նյութը, լինելով անզգայելի` հոգին օժտում է զգայությամբ: Մարդը բոլոր ժամանակներում համոզված է եղել, որ հոգին գոյություն ունի, որ այն կազմում է իր իսկ էության հիմքը և միշտ փորձել է ավելին իմանալ նրա մասին:

Ժամանակակից գիտական համակարգում հոգեկան իրականության օրինաչափությունների բացահայտման «պարտականությունը» դրված է «Հոգեբանության» վրա: «Հոգեբանություն» հասկացությունը (հունարեն` ψυχολογια, փսիխե` ψυχη- հոգի և լոգիա` λογια, λογοε- խոսք, օրենք, գիտելիք բառերից) որպես հոգու մասին գիտության նշանակ գործածության մեջ է մտել 16-րդ դարում: Ներկայումս վիճելի է այս հասկացության ներմուծման հեղինակության հարցը: Որոշ դեպքերում այն վերագրվում է գերմանացի փիլիսոփա Ֆիլիպ Մելանքտոնին1 (1497-1560), ով սակայն այս հասկացությունը չի գործածում որևէ աշխատության մեջ: Համենայն դեպս այդպիսի աշխատություններ ներկայումս հայտնի չեն: Ըստ ժամանակակիցների վկայությունների` նա առաջին էր, որ psychologia հասկացությունը գործածում է իր դասախոսություններում: “Ψυχολογια” հասկացության հեղինակներ են դիտարկվում 16-րդ դարի ևս երկու գերմանացի փիլիսոփաներ` Ռուդոլֆ Գյոկելը (1547-1628) և Օտտո Կասմանը (1562-1607): Ըստ մեկ այլ կարծիքի` Մելանքտոնից, Գյոկելից և Կասմանից առաջ խորվաթ բանաստեղծ Մարկո Մարուլիկն (1450-1524) է, որ առաջին անգամ կիրառեց «հոգեբանություն» հասկացությունը (psichiologia տարբերակով): Պսիխոլոգիա հասկացության հետ համատեղ, որպես հոգու մասին գիտության նշանակ կիրառվում էր նաև պնևմատիկա (լատ. pneumatika, հուն. πνεΰμα- շնչառություն, օդ, քամի, հոգին, ոգին, կենսական ուժը) հասկացությունը:


Ինչպես տեսնում ենք, բոլոր դեպքերում «հոգեբանություն» հասկացության արմատը «հոգի»-ն է (հուն. ψυχη կամ πνεΰμα): Ընդհանուր առմամբ «հոգի» հասկացություն իր մեջ ամբողջականացնում է անհատի ներաշխարհը, նրա գի­տակ­ցութ­յունը, անգիտակցականը, ինքնագիտակցությունը, մտապատկեր­ները, հիշողությունները, ցանկություն­ները, հույզերն ու ապրումները: Ժամանակակից գիտական ոլորտում «հոգի» հասկացությունը փոխարինվում է «հոգեկան» հասկացությամբ: Հոգեկանի դրսևորումների հետազոտությամբ որպես գիտություն զբաղվում է հենց «Հոգեբանությունը»: Հոգեբանությունն ուսումնասիրում է անհատի հոգեկան կյանքի փաստերը, բացահայտում է դրանց զարգացման և դրսևորման օրինաչափությունները, դրանց հիմքերում ընկած մեխանիզմները: Այդուհանդերձ, հնարավոր չէ միանշանակորեն սահմանել հոգեկանը. այն բազմակողմանի է և հանդես է գալիս տարբեր դրսևորումներով: Դա է պատճառը, որ տարբեր ժամանակաշրջաններում, ինչպեսև ժամանակակից հոգեբանության տարբեր ուղղություններում հոգեկանի մեկնաբանությունները տարբեր են, շատ դեպքերում նույնիսկ իրարամերժ:

Անդրադառնալով հոգեբանական գիտելիքի պատմական զարգացմանը, հարկ է նշել, որ այստեղ նկատվում են որոշակիորեն առանձնացող փուլեր, որոնք տարբերվում են ինչպես իրենց առարկայական ուղղվածությամբ, այնպես էլ գիտելիքի ստացման և արտահայտման առանձնահատկություն­նե­րով:Այս առումով, սովորաբար, առանձնացվում են հոգեբանական գիտելիքի զարգացման փուլեր` կախված ուսումնասիրության առարկայից (առարկայա­բա­նական պարբերականացում) և գիտելիքի ստացման ու ներկայացման մեթոդից (մեթոդաբանա­կան, աշխարհայացքային պարբերականացում):

Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման առարկայաբանական պարբերականացում`

1.Հոգեբանությունը որպես գիտություն հոգու մասին - հնագույն ժամա­նակ­ներից մինչև 15-րդ դար: Հոգին դիտարկվում է որպես ինքնուրույնաբար գոյություն ունեցող էություն, կյանքի և բանականության կրող: Միավորվելով մարմնի հետ հոգին կենդանացնում է այն, սակայն կարող է և լքել մարմինը` թողնելով նրան անկենդան վիճակում:

2.Հոգեբանությունը որպես գիտություն գիտակցության մասին – 15-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը: Կապված է իմացաբանական խնդիրների կարևորման հետ: Հոգին նույնացվում է գիտակցությանը, որպես ուսումնասի­րութ­յան հիմնական առարկա հանդես են գալիս գիտակցության բովանդա­կութ­յունները: Հիմնական մեթոդներն են դիտումը և ինքնա­դի­տումը (ինթ­րոսպեկ­ցիան):

3. Հոգեբանությունը որպես գիտություն վարքի մասին – 20-րդ դար: Կապված է հոգեբանության գիտականացման փորձերի հետ: Հոգեբանական հետազոտության դաշտից դուրս են մղվում սուբյեկտիվ, ներհոգեկան երևույթները (գիտակցության բովանդակությունները), որպես ուսումնասի­րության առարկա ընդունվում է օբյեկտիվ դիտարկման ենթակա վարքը:


4.Հոգեբանությունը որպես գիտություն հոգեկան գործընթացների, վիճակների, առանձնահատկությունների մասին: 20-րդ դարի կեսերից մինչև մեր օրերը: Կապված է հոգեբանության, որպես ինքնուրույն գիտություն, կայացման հետ: «Հոգի» հասկացությունը փոխարինվում է «հոգեկան» հասկացությամբ, որում միավորվում են անհատի ներաշխարհի բովանդակությունները, նրա ապրումները, մտապատկերները, գործու­նեութ­յան դրդապատճառները:

Մյուս կողմից, ելնելով տարբեր ժամանակաշրջաններում գերիշխող աշխարհայացքային առանձնահատկություններից, հոգու մասին գիտելիքի կառուցման և արտահայտման ձևերի, մեթոդների տարբերություններից, հոգեբանական գիտելիքի հիմքում ընկած կանխադրույթներից, կարելի է տալ հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման մեթոդաբանական պարբերականացում:

Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացան մեթոդաբանական պարբերականացում`

1.Անիմիստածիսակարգային հոգեբանություն (անիմա - հուն. άυεμοζ, լատ. anima, animus – հոգի, ոգի բառից) – հնագույն ժամանակներից մինչև մ.թ.ա. 2-րդ հազարամյակ (առանձին դեպքերում անիմիստական պատկերացումները հանդիպում են առավել ուշ շրջանում` 16-րդ դարում շվեյցարացի բժիշկ և փիլիսոփա Պարացելսուսի (1493-1541), իտալացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ջերոնիմո Կարդանուսի (1501-1576), 18-րդ դարում` գերմանացի քիմիկոս և բժիշկ Գեորգ Շթալի (1660-1734, Շթալն առաջինն էր, որ կիրառեց «անիմիզմ» հասկացությունը) համակարգերում):

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` շրջապատող իրականութ­յան մասին պատկերացումները ձևավորվում են արտաքին և ներքին փորձերի համադրությունից: Մեծ ազդեցություն ունեն տվյալ հասարակությունում ընդունված խմբային պատկերացումները, որոնք հասարակության առանձին անդամի կողմից ընդունվում են առանց որևէ քննադատության: Գիտելիքն արտահայտվում է տարբեր ծիսակատարութ­յուն­ների և արարողակարգերի միջոցով (հուղարկավո­րութ­յուն, ամուսնություն, զոհաբերություն, հիվանդությունների բուժում և այլն):

Կանխադրույթները` ամբողջ տիեզերքը բնակեցված է հոգևոր, կենդանի էակներով: Բնական երևույնթերի հիմքում ընկած են գերբնական պատճառներ: Առանձին մարդու հոգին դիտարկվում է որպես կենսուժ, երազներում և տեսիլքներում հանդիպող կրկնորդ: Չկա ներքին և արտաքին իրականությունների հստակ սահմանազատում:

2.Առասպելաբանական հոգեբանություն – մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 6-րդ դար:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` առասպելաբանական պատկերացում­ները ձևավորվում են արտաքին և ներքին փորձերի համադրությունից, դրանց երևակայական մեկնաբանությունից: Խմբային պատկերացումները շարունակում են անվերապահորեն ընդունվել որպես անհերքելի ճշմարտություններ: Գիտելիքը ներկայացվում է այլաբանական, սիմվոլական ձևով, հանդես գալիս որպես ընդունված, անփոփոխ հավատալիքների համակարգ: Առասպելների մեջ միասնաբար ներկայացվում են հնագույն մարդու կրոնական, բարոյական, պատմագիտական, հոգեբանական և բնագիտական պատկերացումները:


Կանխադրույթներ` շարունակում են գերիշխել անիմիստական պատկերացումները, հոգին դիտարկվում է որպես կենսուժ, կրկնորդ: Առանձնացվում են հատուկ հոգևոր ուժով և զորությամբ օժտված էություններ` աստվածություններ և հերոսներ:

3.Կրոնական հոգեբանություն` - հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Կրոնական աշխարհայացքն առանձնանում է հատուկ զորությամբ օժտված գերբնական էակների` աստվածների (բազմաստվածություն, պոլիթեիզմ) կամ մեկ աստծո (միաստվա­ծութ­յուն, մոնոթեիզմ) պաշտամունքով:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` գիտելիքը դիտարկվում է որպես աստվածային բացահայման արդյունք, տրվում է մարգարեների և առաքյալների միջոցով: Գերիշխում են եկեղեցական դոգմաներն ու նախասահմանումները: Առավել մեծ ուշադրության են արժանանում բարոյագիտական, էսխատոլոգիական և սոտերիոլոգիական հարցերը:

Կանխադրույթները` ամբողջ աշխարհը դիտարկվում է որպես աստվածային արարչագործության արդյունք: Այդուհանդերձ, այն, ժամանակ առ ժամանակ կորցնում է իր նախասկզբնական կատարելությունը և զգացվում է աշխարհի նորացման անհրաժեշտութ­յուն (աշխարհի (հին աշխարհի) վերջի գաղափարը): Առաջին պլան է մղվում չարի և բարու, լույսի և խավարի հակամարտությունը: Երկրային կյանքի դժվարություններին հակադրվում է երկնային երանությունը: Հոգին դիտարկվում է որպես աստվածային էության մասնիկ, որը կախված մարդու երկրային կյանքի ընթացքում կատարած արարքներից կարող է պարգևատրվել կամ պատժվել: Կրոնական բարոյագիտության հիմքում ընկած է մեղքի հասկացությունը, որը որոշիչ դեր է կատարում աշխարհի նորացման ժամանակ հոգու փրկության հարցում. մեղավորների հոգիները դատապարտվում են, անմեղներինը` փրկվում:

4.Փիլիսոփայական հոգեբանություն`- մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև մեր օրերը:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` հավատալիքներն իրենց տեղը զիջում են տրամաբանական, քննադատական գիտելիքին: Իրարից առանձնացվում են իրականության մասին գիտելիքը` էպիստեմեն (հուն. έπιστήμη) ու կարծիքը` դոխան (հուն. δόξα), ընդունվում է իրականության մասին կեղծ և ճշմարիտ գիտելիքի հնարավորությունը: Իրականությունը ճանաչվում է տրամաբանական գործողությունների, դեդուկտիվ կամ ինդուկտիվ եզրահանգումների միջոցով: Ձևավորվում և ճշգրտվում են հատուկ կատեգորիաներ, հասկա­ցութ­յուն­ներ: Առանձնացվում են գիտելիքի ոլորտներ` գոյաբանություն, իմացաբանություն, բարոյագիտություն, բնագիտություն, մարդաբանություն, քաղաքագիտություն և այլն:

Կանխադրույթներ` իրականությունը ճանաչելի է և հանդես է գալիս որպես իմացության առարկա: Տիեզերքը դիտարկվում է որպես բնական օրինաչափութ­յուն­ների ամբող­ջա­կա­նութ­յուն. անիմիստական աներևույթ ոգիներն ու հոգիները, առասպելաբանական երևակա­յա­կան աստվածություններն իրենց տեղը զիջում են բնական ուժաբանական հակազդեցություն­նե­րին: Հոգին ենթարկվում է համատիե­զե­րա­կան օրինաչա­փութ­յուն­ներին և դիտարկվում որպես գոյության յուրահա­տուկ ձև (նյութա­պաշ­տական ուղղություններում (մատերիալիզմ, լատ. materia, materialis - նյութ, նյութական բառերից)` որպես նյութի գործառույթ, դրսևորում, ոգեպաշ­տա­կան (սպիրիտուալիզմ, լատ. spiritus - ոգի բառից) ուղղութ­յուն­նե­րում` որպես նախահիմք, կենսապաշտական (վիտալիզմ, լատ. vita, vitalis - կյանք, կենսական բառերից) ուղղություններում` որպես կենսուժ):


5.Գիտական հոգեբանություն` - 19-րդ դարից մինչև մեր օրերը:

Գիտելիքի ստացման և արտահայտման ձևերը` գիտելիքը ստացվում է ճշգրիտ գիտահետազոտական մեթոդների կիրառությաբ ստացված տվյալների տրամաբանական ընդհանրացման արդյունքում: Մասնավորեցվում են գիտության առանձին բնագավառներ: Լայնորեն կիրառվում են մաթեմատիկական ապարատը, փորձարարական ճշգրիտ սարքավորումներ ու գործիքներ: Մշակվում են գիտականության հատուկ չափանիշներ:

Հիմնական կանխադրույթներ` հոգին դիտարկվում է որպես բնական երևույթ, հետազոտվում բնական երևույթների նմանությամբ: Հերքվում է հոգու ինքնուրույն (անմարմին) գոյությունը: «Հոգի» հասկացությունը փոխարինվում է «հոգեկան» հասկացութ­յամբ: Հոգեկան երևույթները բխեցվում են հոգեկանի նյութական հիմքի` նյարդային հա­մա­կարգի գործունեությունից:

Հոգեբանական գիտելիքի պատմական զարգացման առարկայաբանական և մեթոդաբանական պարբերականացման հարաբերակցումը.

Առարկայաբանական պարբերականացում

Մեթոդաբանական պարբերականացում

1.Գիտություն հոգու մասին

1.Անիմիստածիսական

2.Առասպելաբանական

3.Կրոնական

4.Փիլիսոփայական

2.Գիտություն գիտակցության մասին

3.Գիտություն վարքի մասին

5.Գիտական

4.Գիտություն հոգեկանի (հոգեկան գործընթացների, վիճակների, առանձ­նա­հատ­կությունների) մասին


Պատմական զարգացման ընթացքում հոգեկանի մասին գիտելիքն աստիճանաբար կուտակվել, համակարգվել և դասակարգվել է, ինչի արդյունքում մեր օրերի հոգեբանությունը հանդես է գալիս որպես ինքնուրույն գիտություն, իր առարկայով, մեթոդներով և խնդիրներով: Այդուհանդերձ, ժամանակակից հոգեբանության առարկայական դաշտում բազմաթիվ տեսություններ ոչ միայն տարբերվում են հոգեկանի իրենց նկարագրություններով, այլև, որոշ դեպքերում նույնիսկ հակադրվում: Որպես օրինակ նշենք մի քանի հոգեբանական ուղություններ և դրանց հետազոտական ոլորտները`