ВУЗ: Не указан
Категория: Не указан
Дисциплина: Не указана
Добавлен: 10.04.2024
Просмотров: 86
Скачиваний: 0
Ասոցիատիվ հոգեբանություն – Սփենսեր, Ցիգեն, Բեն – որպես հոգեբանության առարկա դիտարկվում են հոգեկան բովանդակությունների միջև առկա կապերը, մտապատկերների զուգորդումները` ասոցիացիաներն ու դրանց վերադասավորումների օրինաչափությունների հետազոտությունը:
Ստրուկտուրալիզմ – Վունդտ, Թիթչեներ – որպես հոգեբանության առարկա ընդունվում են հոգեկան բովանդակությունների կառուցվածքային տարրերն ու դրանց փոխհարաբերություններ:
Ֆունկցիոնալիզմ – Լանգե, Ռիբո, Ջեյմս, Դյուի – հետազոտում է հոգեկան բովանդակությունների գործառույթները, անհատի շրջակա միջավայրին հարմարվելու տեսանկյունից:
Ֆրոյդիզմ, հոգեվերլուծություն – Ֆրոյդ – հետազոտվում են հոգեկան բովանդակությունների ախտահարումները, անգիտակացական հոգեկան բովանդակությունները, մղումները, մոտիվները, գիտակցության և անգիտակցականի փոխհարաբերությունները:
Վերլուծական հոգեբանություն – Յունգ, Նոյման – հետազոտվում են հոգեկան կոլեկտիվ բովանդակությունները` արքետիպերը, որոնք ընդհանուր են ողջ մարդկության համար:
Բիհեվիորիզմ – Թորնդայք, Ուոթսոն – հետազոտվում են անհատի վարքը, վարքային դրսևորումները: Որպես հոգեբանության առարկա մերժվում են ներհոգեկան բովանդակությունները, առաջին պլան են մղվում վարքի տարբեր ձևերի հետազոտությունները: Վարքը դիտարկվում է որպես արտաքին ազդակներին օրգանիզմի հակազդեցություն:
Գեշտալտ հոգեբանություն – Վերտհայմեր,Կոֆկա,Քյոլեր,Լևին – հետազոտվում են ընկալման և մտածողության կառուցվածքային և ուժաբանական օրինաչափությունները: Գեշտալտ հոգեբանությունը դեմ է ստրուկտուրալիզմին. այստեղ հոգեկանում առկա ամբողջական կառույցներն ավելին են քան դրանց բաղադրիչների հասարակ գումարը:
Հումանիստական (նաև ֆենոմենոլոգիական) հոգեբանություն – Օլպորտ, Մասլոու, Ռոջերս – հետազոտվում է անձն իր ամբողջականության մեջ, որպես անընդհատ զարգացող միասնական համակարգ:
Էկզիստենցիալ հոգեբանություն – Բինսվանգեր, Ֆրանկլ, Մեյ – հոգեբանության հիմնական առարկան մարդու կեցության` կյանքի և մահվան, ազատության, պատասխանատվության, ընտրության, սիրո և միայնության, կյանքի իմաստի խնդիրներն են:
Կոգնիտիվ հոգեբանություն – Քելլի, Նայսեր, Միլեր - հետազոտվում են իմացական ոլորտի օրինաչափությունները, շրջապատող միջավայրի մասին գիտելիքի կառուցման գործընթացը, այդ իսկ գործընթացում տեղ գտած աղավաղումներն ու շեղումները:
Ինչպես տեսնում ենք, հոգեբանության ուղություններն ակնհայտորեն տարբերվում են իրենց հետազոտության առարկաներով: Նմանատիպ պայմաններում հարկ է տալ հոգեբանության առարկայի այնպիսի սահմանում, որն ի վիճակի կլինի իր մեջ ներառել եթե ոչ բոլոր, ապա գոնե հոգեբանական ուղղությունների մեծ մասի հետազոտության առարկաները:
1.2. Հոգեբանության առարկան
Հոգեկանը որպես գիտական հոգեբանության առարկա: Հոգեկանի գործառույթները` կենսագործունեության ապահովում, իրավիճակի ճանաչում և գնահատում, վարքի կարգավորում: Հոգեկանի ոլորտները` մոտիվացիոն ոլորտ, իմացական ոլորտ, հուզազգացմունքային ոլորտ, կամային ոլորտ: Հոգեկանի գործառույթների և հոգեկան ոլորտների փոխադարձ կապը: Հոգեկանի դրսևորման հիմնական ձևերը` հոգեկան վիճակներ, գործընթացներ, անհատական առանձնահատկություններ: Հոգեկան և նյարդային համակարգ:
Չնայած հոգեբանական առանձին ուսմունքների, տեսությունների և ուղղությունների ակնհայտ տարբերությունների` հոգեբանական գիտելիքն իր բազմազանության մեջ հիմնըվում է հոգեկան կյանքի որոշակի ընդհանուր օրինաչափությունների վրա: Նմանատիպ օրինաչափությունների ընդհանրացման արդյունքում էլ հենց հնարավոր է տալ «Հոգեբանության» առարկայի սահմանումը:
«Հոգեբանության» առարկան անհատի հոգեկանն է, հոգեկանի ընդհանուր դրսևորումները, անհատի սուբյեկտիվ, ներքին ապրումները, հոգեկերտվածքի առանձնահատկությունները, հոգեկան գործընթացները, վարքի ներքին կարգավորիչները, մտքերի ու մտապատկերների ամբողջությունը, ներհոգեկան բովանդակությունների կառուցվածքային և գործառնական օրինաչափությունները:
Այսպիսով, ժամանակակից «Հոգեբանության» առարկան հոգեկանն է` իր բոլոր դրսևորումներով: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեկանը: Որպեսզի հնարավոր լինի պատասխանել այս հարցին անհրաժեշտ է տալ հոգեկանի գործառութային և կառուցվածքային նկարագրությունը, առանձնացնել հոգեկանի հիմնական դրսևումների ձևերը:
Հոգեկանի գործառույթները: Հոգեկանի գործառութային նկարագրությունը պարզաբանում է հոգեկանի նշանակությունը, դերը, գործառույթները: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել հոգեկանի չորս գործառույթներ: Դրանք են` կենսաապահովման, ճանաչման, գնահատման և վարքի կարգավորման գործառույթները:
Օրգանիզմի գոյատևումն անմիջականորեն կապված է սեփական պահանջմունքների բավարարման հետ: Սակայն պահանջմունքն, ինքնին, պասիվ է, այն ընդամենը ցույց է տալիս ինչ-որ բանի պակաս, կարիք: Պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ է որոշակի շարժում դեպի պահանջմունքի առարկան: Կենսաապահովման գործառույթի հիմնական նշանակությունը հենց այդ շարժման խթանումն է, հրահրումը: Այստեղ պահանջմունքը վերածվում է մղումի: Հոգեկանը մղում է ամբողջ օրգանիզմը դեպի պահանջմունքի բավարարումը:
Պահանջմունքների բավարարման հիմնական միջավայրը արտաքին միջավայրն է: Եվ, որպեսզի հնարավոր լինի գտնել պահանջմունքի բավարարման առարկան, ինչպեսև դեպի դա տանող առավել արդյունավետ ճանապարհը, անհրաժեշտ է ճանաչել շրջապատող աշխարհը, գնահատել արդի իրավիճակը: Ճանաչման գործառույթի միջոցով հոգեկանը նույնականացնում, դասակարգում, խմբավորում, կանխատեսում է շրջապատող իրականության երևույթները: Գնահատման գործառույթի միջոցով որոշվում է իրավիճակի արժեքը պահանջմունքների բավարարման տեսանկյունից:
Այնուհետև, հենվելով գնահատման և ճանաչման արդյունքում ստացված տվյալների վրա, համադրելով դրանք պահանջմունքներից բխող մղումների հետ, հոգեկանը կարգավորում է օրգանիզմի վարքային դրսևորումները, դրանք համապատասխանեցնելով արտաքին իրականության պայմաններին:
Հոգեկանի կառուցվածքային նկարագրությունը: Համաձայն նշված գործառույթների հոգեկանը պայմանականորեն տարաբաժանվում է չորս` մոտիվացիոն-դրդապատճառային, իմացական, հուզազգացմունքային և կամային ոլորտների կամ մակարդակների: Այդ ոլորտներից յուրաքանչյուրը տարբերվում է ինչպես իր բովանդակություններով, այնպես էլ գործառույթով: Մոտիվացիոն-դրդապատճառային ոլորտում միավորվում են անհատի կենսագործունեության խթանիչները` նրա պահանջմունքները, մղումները, հետաքրքրությունները, նախասիրությունները: Որպես իմացական ոլորտի բովանդակություններ դիտարկվում են իմացական գործընթացները և դրանց արդյունքները: Հուզազգացմունքային ոլորտը կազմված է հույզերից, ապրումներից և զգացմունքներից: Կամային ոլորտը ներառում է կամային գործընթացի բաղադրիչները:
Հոգեկանի առանձնացված գործառույթների ու ոլորտների միջև կա որոշակի համապատասխանություն: Կենսաապահովման գործառույթն իրականանում է մոտիվացիոն-դրդապատճառային ոլորտում, ճանաչման գործառույթը` իմացական, գնահատման գործառույթը` հուզազգացմունքային, վարքի կարգավորման գործառույթը` կամային ոլորտներում: Ընդ որում, հոգեկանի նշված չորս մակարդակներն իրենց գործառույթներով սերտորեն փոխկապակցված են և հանդես են գալիս որպես մեկ անքակտելի ամբողջություն: Բերված դասակարգումը զուտ պայմանական է և ունի մեթոդաբանական նշանակություն:
Հոգեկանի գործառույթների և ոլորտների փոխադարձ կապը.
Իրականացվող գործառույթ
|
Գործառույթի իրականացման ոլորտը |
կենսաապահովման
|
մոտիվացիոն-դրդապատճառային |
ճանաչման
|
իմացական |
գնահատման
|
հուզազգացմունքային |
վարքի կարգավորման
|
կամային |
Հոգեբանական գրականության մեջ հանդիպում է հոգեկանի գործառույթների այլ տարաբաժանում: Առանձնացվում են իրականության արտացոլման և վարքի ու գործունեության կարգավորման գործառույթները:
Արտացոլումը մի օբյեկտի կողմից մյուս օբյեկտի առանձնահատկությունների, կառուցվածքային յուրահատկությունների, հարաբերությունների համապատասխան վերարտադրման ընդունակություն է:
Արտացոլման հիմնական մակարդակները`
1.Ֆիզիկական արտացոլում – իրականանում է ֆիզիկական մակարդակում, ազդեցության արդյունքում առաջ են գալիս մեխանիկական, օպտիկական և այլ ձևափոխություններ:
2.Ֆիզիոլոգիական արտացոլում – իրականանում է ֆիզիոլոգիական մակարդակում, ազդեցության արդյունքում փոփոխվում են ֆիզիոլոգիական վիճակները:
3.Հոգեկան արտացոլում – արտացոլման ակտիվ գործընթաց, ազդեցության հետևանքով ձևավորվում են ներհոգեկան նոր բովանդակություններ, որոնց հետագա դրսևորումների արդյունքում ձևափոխվում է ազդող իրականությունը:
Վարքի և գործունեության կարգավորումը բարդ գործընթաց է, որի արդյունքում սուբյեկտի վարքը հարմարեցվում է միջավայրի պայմաններին, համապատասխանեցվում առկա իրավիճակին: Վարքի կարգավորումն անհրաժեշտ է կենսագործունեությունն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու համար:
Վարքի կարգավորման հիմնական մակարդակները:
1.Հումորալ կարգավորում – իրականացվում է ներքին գեղձերի կողմից արտադրվող հորմոնների (ադրենալին, նորադրենալին և այլն) միջոցով, ունի ֆիզիոլոգիական բնույթ: Խիստ դետերմինացված է:
2.Նյարդային կարգավորում – իրականանում է նյարդային գործունեության արդյունքում (պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսներ): Դետերմինացված է:
3.Հոգեկան կարգավորում – վարքը կարգավորվում է համաձայն գիտակցության մեջ առկա օրինակելի նմուշի, կիրառվում են հոգեկան բովանդակությունները, ստեղծվում են վարքի նոր ձևեր: Դետերմինացված չէ, ունի տատանման որոշակի տիրույթ:
Վարքի և գործունեության կարգավորման թվարկված երեք մակարդակները փոխկապակցված են և լրացնում են միմյանց: Արտացոլման և վարքի կարգավորման գործընթացները նույնպես սերտորեն փոխկապակցված են: Առանց համապատասխան արտացոլման հնարավոր չէ կարգավորել վարքն ու գործունեությունը: Մյուս կողմից, հոգեկան արտացոլումն, ի տարբերություն արտացոլման ֆիզիկական և ֆիզիոլոգիական մակարդակների, պասիվ չէ, այն ուղեկցվում է որոշակի գործունեությամբ` ընտրությամբ, որոնումով և բնութագրվում է որոշակի ակտիվությամբ, վարքային դրսևորման ձևի ընտրությամբ:
Հոգեկանի դրսևորման ձևերը: Նշված գործառույթների իրականացման ընթացքում հոգեկանը դրսևորվում է երեք հիմնական ձևերով` որպես հոգեկան գործընթացներ, հոգեկան վիճակներ, անձնային առանձնահատկություններ:
1.Հոգեկան գործընթացները շարունակական հոգեկան երևույթներ են, կազմված իրար հերթականաբար հաջորդող փուլերից: Առանձնացվում են իմացական, հուզական և կամային գործընթացներ: Իմացական գործընթացներն առավելապես կապված են ճանաչման, իրականության արտացոլման գործառույթի հետ: Իմացական գործընթացները, որպես մեկ ամբողջություն, իրենցից ներկայացնում են շրջակա կենսամիջավայրի հետ փոխհարաբերությունների արդյունքում այդ իսկ միջավայրի մասին գիտելիքների ստացման և կուտակման գործընթաց:
Իմացական գործընթացներն են` զգայությունները, ընկալումը, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը, ուշադրություն, խոսք:
Հուզական գործընթացները կապված են գնահատման գործառույթի հետ և իրականանում են հոգեֆիզիոլոգիական մակարդակում:
Կամային գործընթացները կապված են վարքի և գործունեության կարգավորման գործառույթի հետ և իրականանում են իմացական ու հուզական գործընթացների անմիջական մասնակցությամբ:
2.Հոգեկան վիճակներն ի տարբերություն հոգեկան գործընթացների հարաբերականորեն կայուն են: Դրանք հոգեկան ակտիվության մակարդակներ են, որոնք որպես ֆոն են ծառայում հոգեկան գործընթացների դրսևորման համար, կախված են դրանց դրսևորումներից, իրենց հերթի որոշելով այդ իսկ դրսևորումների առանձնահատկությունները: Տարբերակվում են գիտակցության վիճակներ, մոտիվացիոն վիճակներ, հուզական վիճակներ, իմացական վիճակներ, կամային վիճակներ: Գիտակցության վիճակները բնորոշվում են գիտակցական ակտիվության մակարդակով (գիտակից կամ անգիտակից վիճակներ, քուն, արթմնություն, նինջ և այլն): Մոտիվացիոն վիճակներն արտահայտում են գործունեության դրդապատճառի ինտենսիվության աստիճանը (հետաքրքրություն, անտարբերություն և այլն): Հուզական վիճակներն արտահայտում են տվյալ պայմաններում գերակայող հուզական ֆոնը (աֆեկտիվ, էյֆորիկ, տագնապային և այլ վիճակներ): Իմացական վիճակներն արտահայտում են իմացական գործընթացների ուղղվածությունն ու ընթացիկ ակտիվությունը (ցրվածություն, տարակույս, կենտրոնացվածություն, անուրջ և այլն): Կամային վիճակները` անհատի կամային տրամադրվածությունը (հաստատակամություն, շփոթվածություն և այլ):
3. Անձնային առանձնահատկությունները առանձին անհատին հատուկ, հարաբերականորեն կայուն հատկություններ են, որոնք որոշիչ դեր են խաղում անհատի հոգեկան ամբողջ ապարատի դրսևորումների ընթացքում` որոշելով դրանց ուժաբանական որակները, բնույթը: Անձնային առանձնահատկություններն են` անձի ուղղվածությունը, խառնվածքը, բնավորությունը, ընդունակությունները: