Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 63

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

Բնավորություն

Ի տարբերություն խառնվածքի, որն արտահայտում է անձի դրսևորումների ուժաբանական կողմերը և ունի բնածին բնույթ, բնավորությունը արտահայտում է անձի վերաբերմունքն իր կենսամիջավայրի, իրեն շրջապատող առարկաների, իրերի, մարդկանց, իր իսկ գործունեության, հասարակության հանդեպ և կարող է ձևավորվել ու փոփոխվել անհատական զարգացման ընթացքում: Եվ, եթե խառնվածքի մեջ անձը բացահայտվում է իր ուժաբանական կողմով, ապա բնավորության մեջ ներկայանում են նրա բովանդակային առանձնահատկությունները:

Բնավորությունը վարքի մեջ դրսևորվող անձի անհատական էական որակների համադրությունն է, որում արտահայտվում են անձին առավել հատուկ, էական յուրահատկությունները: Բնավորության հիմնական որակների որոշումը հնարավորություն է տալիս կանխատեսելու անձի հնարավոր դրսևորումները:

Որպես շրջապատի երևույթների հանդեպ վերաբերմունքի արտահայտություն, բնավորությունը դրսևորվում է մի քանի մակարդակներում: Առաջին մակարդակը գործունեության հանդեպ անձի վերաբերմունքն է, որը բնութագրվում է այնպիսի որակներով, ինչպիսիք են նախաձեռնողականությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, պարտաճանաչությունը: Երկրորդ մակարդակում բացահայտվում են այլ մարդկանց նկատմամբ անձի վերաբերմունքը ցույց տվող որակներ` բարեհոգությունը, ընկերասիրությունը, նրբանկատությունը և այլն: Բնավորության գծերի երրորդ խումբն արտահայտում է սեփական անձի հանդեպ վերաբերմունքը և բնութգրվում այնիպսի որակներով, ինչպիսիք են` ինքնաքննադատողականությունը, հպարտությունը, ինքնավստահությունը: Չորրորդ մակարդակում արտահայտվում է առարկաների հանդեպ անձի վերաբերմունքը` խնայողությունը, առատաձեռնությունը, կոկիկությունը և այլն:

Բնավորությունն արտահատվում է անձի արարքներում, խոսքի առանձնահատկություն­ներում և արտաքին տեսքի մեջ: Նրա արարքները, խոսքի տեմպն ու հուզականությունը, ձայնի բարձրությունը, դեմքի արտահայտությունը, մարմնի դիրքը, կառուցվածքը, քայլելու ձևը, շարժումները կարող են բացահայտել անձի բնավորության որոշակի էական գծեր: Ընդ որում, որոշ դեպքերում այդ ամենը կարող է ենթարկվել փոփոխությունների` կախված անձի մասնագիտական գործունեությունից, կյանքի պայմաններից և այլն: Պարզ է, որ այս դեպքում փոփոխվում են նաև բնավորության գծերը:

Սկզբունքորեն հնարավոր չէ դասակարգել բնավորությունն այն ձևով, ինչպես դա արվում է խառնվածքի դեպքում: Այդուհանդերձ, յուրաքանչյուր անձ ունի որոշակիորեն արտահայտված բնավորության գծեր, որոնք կարող են նույնությամբ հանդիպել նաև այլ անձանց մոտ: Ըստ այդմ, առանձնացվում են բնավորության շեշտվածության տիպեր: Եվ, չնայած որ այդ դասակարգումը հիմնվում է պսիխոպատիկ խանգարումների դասակարգման վրա, այդուհանդերձ, բնավորության շեշտվածության տիպերն արտացոլում են նաև հոգեպես առողջ մարդու բնավորության հիմնական գծերը: Բնավորության շեշտվածության հիմնական տիպերն են (ըստ Լեոնգարդի և Գնուշկինի)`


1. ցիկլորիդ տիպ – լավ և վատ տրամադրության փուլերի անընդհանտ հերթափոխում:

2. հիպերտիմ տիպ – մշտական բարձր տրամադրություն, բարձրացված հոգեկան ակտիվություն, աշխատանքը ավարտին չհասցնելու միտում:

3. լաբիլ տիպ – իրավիճակից կախված տրամադրության կտրուկ փոփոխություններ:

4. աստենիկ տիպ – արագ հոգնածություն, բարձրացված գրգռողականություն, դեպրեսիայի և հիպոխոնդրիայի հակում:

5. սենզիտիվ տիպ – բարձրացված տպավորվողականություն, վախկոտություն, սեփական թերարժեքության սուր զգացում:

6. փսիխաստենիկ տիպ – բարձրացված տագնապայնություն, կասկածամտություն, անհաստատակամություն, ինքնավերլուծության հակում:

7. շիզոիդ տիպ – մեկուսացվածություն և պարփակվածություն, հուզական սառնություն, հաղորդակցման խանգարումներ:

8. էպիլեպտոիդ տիպ – թախծոտ տրամադրության հակում, ագրեսիվության և դաժանության դրսևորումներ, կոնֆլիկտայնության բարձր մակարդակ, պեդանտություն:

9. պարանոյալ տիպ – բարձրացված կասկածամտություն, նեղացկոտություն, գերակայման ձգտում, ուրիշների կարծիքների հանդեպ անհանդուրժողականություն, բարձր կոնֆլիկտայնություն:

10. հիստերոիդ տիպ – սուտասանություն, կեղծիքների հակվածություն, սեփական անձի հանդեպ այլոց ուշադրությունը գրավելու կարիք, փառասիրություն:

11. դիստիմ տիպ – մշտական ցածր տրամադրություն, դեպրեսիայի հակում, վատատեսություն, կենտրոնացվածություն կյանքի մռայլ կողմերի վրա:

12. անկայուն տիպ – ուրիշների ազդեցությանը հեշտությամբ տրվելու հակում, նոր տպավորությունների որոնում, մակերեսային, անկայուն հարաբերությունների ստեղծում:

13. կոնֆորմային տիպ – չափազանցեցված երնթարկվողականություն, այլոց կարծիքների ազդեցության տակ ընկնելու հակում, քննադատողականության և նախաձեռնողականության անբավարարություն:

ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհատական առանձնահատկությունների մյուս խումբը ներառում է այնպիսի որակներ, որոնք դրսևորվում են գործունեության ընթացքում և բնորոշում անձի կողմից գործունեության որոշակի տիպերի տիրապետելու, հաջողությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունը: Անհատական առանձնահատկությունների այս խմբի բովանդակությունները նշանակվում են «ընդունակություններ» և «հմտություններ» հասկացություններով:

Ընդունակությունները անձի անհատական-հոգեբանական այնպիսի առանձնահատկութ­յուն­­ներ են, որոնք հանդես են գալիս որպես նրա կողմից հաջողությամբ և արդյունավետ կերպով որևէ գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայման: Ընդունակություններից են կախված գիտելիքի յուրացման, հմտությունների ձևավորման արագությունը, խորությունը, հեշտությունն ու ամրությունը:


Չնայած այն հանգամանքին, որ անձի ընդունակությունները կարող են փոփոխվել, ինչ-որ չափով նույնիսկ զարգանալ նրա անհատական զարգացման ընթացքում, այնուամենայնիվ, ընդունված է ընդունակությունները դիտարկել որպես որևէ գործունեության ծավալելու անձի բնածին հնարավորություններ, իսկ կյանքի ընթացում ձևավորված, ձեռք բերված հնարավորությունները նշանակել «հմտություններ» հասկացությամբ: Ընդ որում, ինչպես նշում է Բ.Տեպլովը, արդեն ձևավորված, իրականացած հմտություններն անհրաժեշտ է տարբերակել դեռևս միայն որպես հնարավորություն հանդես եկող ընդունակություններից: Այսպիսով` «ընդունակություններ» հասկացությամբ նշանակվում է մեկ անձին մյուսներից տարբերող անհատական-հոգեբանական այնպիսի առանձնահատկությունների համալիրը, որոնք ապահովում են որևէ գործունեություն հաջողությամբ կատարելու հնարավորությանը: Ընդունակություններն, ինքնին, դեռևս չունեն կոնկրետ ուղղվածություն, սակայն կանխորոշում են հետագայում ձևավորվող հմտությունների ուղղվածությունը, դրանց ձևավորման գործընթացի ուժաբանական (արագություն, խորություն, ամրություն և այլն) որակները:

Մեզանից յուրաքանչյուրն առանձնանում է իր ընդունակություններով, որոնց տարբերությունների հիմքերում կարող են ընկած լինել այնպիսի գործոններ, ինչպիսիք են` նյարդային համակարգի որոշակի առանձնահատկությունները, իմացական ակտիվությունն ու ինքնակարգավորման մակարդակը, զգայարանների կառուցվածքագործառնական յուրահատկությունները: Ընդունակությունների բնույթն ու որակը որոշող նշված և այլ առանձնահատկություններով են պայմանավորված հմտությունների ձևավորման ուղղությունները, ձեռքբերումների մակարդակն ու զարգացման արագությունը:

Ընդունակությունները զգում են դրսևորման կարիք: Եթե, ինչ-ինչ պատճառներով դրանք չեն զարգացվում, ապա ժամանակի ընթացքում մարում են: Ընդունակություններն անմիջականորեն դրսևորվում են համապատասխան գործունեության մեջ հմտությունների ձևավորման ընթացքում: Ընդ որում, տարբերակվում են ընդհանուր և հատուկ ընդունակություններ: Ընդհանուր ընդունակություններն անձի այնպիսի անհատական առանձնահատկություններ են, որոնք ապահովում են գործունեության տարբեր տարատեսակներ իրականացնելու, տարաբնույթ գիտելիքներ յուրացնելու և տարբեր ուղղվածություն ունեցող հմտությունների ձևավորման գործընթացի հարաբերական հեշտությունն ու արդյունավետությունը: Հատուկ ընդունակություններն արտահայտում են մարդու որակների այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալիս հասնել բարձր արդյունքների գործունեության որևէ առանձին, կոնկրետ ոլորտում(արվեստ, սպորտ, գիտություն և այլն): Ընդ որում, հնարավոր է ավելի մասնավորեցնել ընդունակությունների դրսևորման նշված ոլորտները (արվեստ` նկարչություն, երաժշտություն, գրականություն, պոեզիա և այլն, սպորտ` մարտարվեստներ, թիմային խաղեր, ինտելեկտուալ մարզաձևեր և այլն, գիտություն` մաթեմատիկական գիտություններ, բնական գիտություններ, հումանիտար գիտություններ և այլն):


Խոսելով ընդունակությունների մասին` հարկ է նշել, որ բոլոր ընդունակությունների համար կարելի է առանձնացնել դրանց առաջնային և օժանդակ որակները: Այսպես` գրական ընդունակություննեում առաջնային են ստեղծագործ երևակայության և մտածողության յուրահատկությունները, հիշողության մտապատկերների արտահայտվածությունն ու պատկերավորությունը, խոսքի նրբերանգների ընկալման հնարավորությունը: Մաթեմատիկական ընդունակությունների մեջ առաջնային են այնպիսի որակներ, ինչպիսիք են` ընդհանրացման կարողությունը, մտածական գործընթացների ճկունությունը, մտքերի ուղիղ ընթացքից դրանց հակադարձ ընթացքին հեշտությամբ անցնելու հնարավորությունը: Մանկավարժական ընդունակություններում ընդգծվում են մանկավարժական տակտը, դիտողականությունը, աշակերտների հանդեպ սերն ու հարգանքը, գիտելիք հաղորդելու պահանջմունքը:

Անհատական զարգացման ընթացքում ընդունակությունները դրսևորվում են որոշակի հերթականությամբ: Այսպես` երաժշտական ընդունակությունները, սովորաբար, դրսևորվում են այլ ընդունակություններից առավել շուտ: Բավականին վաղ են դրսևորվում նաև մաթեմատիկական ընդունակությունները: Վերացական գաղափարների ընդհանրացման, փիլիսոփայական ընդունակությունները դրսևորվում են ավելի ուշ շրջանում:

Հոգեբանության մեջ առանձնացվում են ընդունակությունների երկու` վերարտադրական և ստեղծագործական մակարդակներ: Վերարտադրական ընդունակություններն ապահովում են արդեն առկա գիտելիքի, հմտությունների յուրացման գործընթացի արդյունավետությունը: Ստեղծագործական ընդունակություններն ընկած են նորի ստեղծման հնարավորության հիմքերում: Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած վերարտադրական գործունեություն իր մեջ ներառում է ստեղծագործականության տարր և հակառակը: Այնպես որ, ընդունակությունների նշված մակարդակների առանձնացումն ունի խիստ պայմանական բնույթ:

Մյուս կողմից, տարբերակվում են տեսական և գործնական ընդունակություններ: Տեսական ընդունակություններն արտահայտում են անձի հակումը վերացական-տեսական կառուցումներին, մտորումներին, այն դեպքում, երբ գործնական ընդունակությունները որոշում են անձի հակվածությունը դեպի կոնկրետ, առարկայական գործողությունները (կազմակերպչական, քաղաքական, առևտրական և այլ ընդունակություններ): Չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում տեսական և գործնական ընդունակությունները փոխլրացնում են միմյանց, լինում են դեպքեր, երբ դրանք ակնհայտորեն հակադրվում են:


Խոսելով ընդունակությունների մասին, հարկ է նշել, որ առանձին անձանց մոտ կարող են զարգացած լինել տարբեր ուղղվածություն ունեցող ընդունակություններ, սակայն դրանցից մեկը, որպես կանոն, առավել ընգծված է և առաջատար: Մյուս կողմից, տարբեր մարդկանց մոտ կարող են դրսևորվել միևնույն ուղղվածությամբ ընդունակություններ, որոնք, սակայն, իրարից տարբերվում են արտահայտվածության մակարդակով: Այնպես որ, կարող են տարբերվել ինչպես ընդունակությունների բովանդակային որակները (երաժշտական, նկարչական, մաթեմատիկական և այլ ընդունակություններ), այնպես էլ դրանց արտահայտվածության աստիճանը: Ամենացածր մակարդակում մենք խոսում ենք ուղղակի ընդունակության առկայության մասին: Այն դեպքում, երբ ընդունակությունն ունենում է զգալիորեն աչքի ընկնող արտահայտվածություն, խոսում ենք տաղանդի մասին: Ընդունակությունների դրսևորման բարձրագույն մակարդակը հանճարեղությունն է, որտեղ այդ դրսևորումների արտահայվածությունը հասնում է իր ամենաբարձր նշանակությանը:

Հմտությունները ձևավորվում են ընդունակությունների հիմքերի վրա, անմիջական գործունեության, ուսուցման, վարժանքների ընթացքում: Հմտությունները կարող են ձևավորվել նաև համապատասխան ընդունակության բացակայության պայմաններում, սակայն այսպես ձևավորված հմտությունների կիրառման արդյունավետությունն անհամեմատ ավելի ցածր է այն դեպքերի համեմատությամբ, երբ հմտությունները ձևավորվում են համապատասխան ընդունակությունների հիմքերի վրա: Այդուհանդերձ, հնարավոր է աշխատանքի և վարժանքների միջոցով փոխհատուցել ընդունակության բացակայությունը կամ թույլ արտահայտվածությունը և հասնել զգալի արդյունքների` գործունեության որևէ կոնկրետ ոլորտում:

Հմտություններն ունեն ձեռքբերովի բնույթ և, շատ դեպքերում, հանդես են գալիս որպես գործունեության կատարողական բաղադրիչներ (այսպես` դաշնակահարի կատարողական վարպետության մակարդակն անմիջականորեն կապված է պարբերաբար կրկնվող վարժանքների ընթացքում ձեռք բերված հմտություններից, սակայն դրա հետ անհրաժեշտաբար պետք է զուգակցվի բնածին երաժշտական ընդունակություն, որպեսզի հնարավոր լինի խոսել վիրտուոզ երաժշտական կատարման մասին): Հմտությունները ձևավորվում և զարգանում են վարժանքների, մարզումների, պարապմունքների ընթացքում` նախնական դանդաղ և հատվածաբար կրկնվող շարժումներից հասնելով ավտոմատիզմի որոշակի մակարդակի: Ավտոմատիզմը հմտությունների արդյունավետ կիրառման հիմնական չափանիշն է:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Գրին Է. Խառնվածք. – Երևան, 2002