Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 64

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

ըստ արտահայտման ձևի`

բանավոր – իրականանում է խոսքային կառույցների, մտքերի արտասանման միջոցով,

գրավոր – իրականանում է խոսքային կառույցների, մտքերի գրառման, պատկերման միջոցով,

աֆեկտիվ – իրականանում է հույզերի արտահայտման, մեծամասամբ բացականչությունների և ձայնարկությունների միջոցով,

ըստ խոսքային հաղորդակցման մեջ ներգրավված կողմերի քանակության`

մենախոսություն (մոնոլոգ) - խոսքն ուղղված է հենց խոսողին: Ի տարբերություն ներքին խոսքի, ստանում է արտաքին (գրավոր կամ բանավոր) արտահայտություններ,

երկխոսություն (դիալոգ) – խոսքն ուղղված է որևէ ունկնդրի (կամ ունկընդիրների), խոսքային հաղորդակցման բոլոր մասնակիցներն ակտիվ են և խոսում կամ ունկնդրում են հերթականությամբ,

բազմախոսություն (պոլիլոգ) – խոսքն ուղղված է որևէ ունկնդրի (կամ ունկընդիրների), խոսքային հաղորդակցման մասնակիցները խոում են միաժամանակ,

հռետորական խոսք – նման է մենախոսությանը, սակայն այս դեպքում հասցեատերն անորոշ է կամ ընդհանրապես բացակայում է:

Ոչ վերբալ հաղորդակցումն իրակականում է միմիկայի (դիմաշարժ), պանտոմիմիկայի և ժեստերի միջոցով: Ոչ վերբալ հաղորդակցում կարող է իրականանալ նաև խոսքի ընթացքում, երբ կարևորվում են ոչ թե խոսքի իմաստային, այլ հնչունային, ձայներանգային որակները: Այս առումով կարևորվում են ձայնի բարձրությունը, խոսքի տեմպը, ընդհատումները, շեշտադրումները, ելևէջները: Ոչ վերբալ հաղորդակցման միջոցներ են նաև լացը, ծիծաղը:

Անձի անհատական առանձնահատկություններ

Խառնվածք

Հոգեկան գործընթացների և վիճակների դրսևորումները, դրանց ուժաբանական և բովանդակային արտահայտություններն անմիջականորեն կախված են անձի անհատական առանձնահատկություններից: «Անհատական հոգեկան առանձնահատկություններ» հասկացութ­յամբ նշանակվում են անհատի հոգեկանի կայուն, հաստատուն, կրկնվող դրսևորումները, հոգեկան գործընթացների ուժաբանական առանձնահատկությունները, անհատի վերաբեր­մուն­քը շրջապատող աշխարհի երևույթների նկատմամբ: Դրանց միջոցով յուրաքանչյուր առանձին անհատ տարբերվում է իր վարքային դրսևորումներով, գործունեության ուղղվածությամբ, հակազդեցությունների յուրատիպությամբ:

Անձնային առանձնահատկությունները դրսևորվում են երկու հարթություններում: Մի դեպքում, երբ դրանց միջոցով արտահայտվում են վարքային դրսևորումների յուրահատկությունները, կենսամիջավայրի պայմաններին ցույց տրվող հակազդեցությունների ուժաբանական և բովանդակային առանձնահատ­կությունները, խոսքը խառնվածքի և բնավորության մասին է: Անձնային առանձնահատկությունների դրսևորման երկրորդ մակարդակը կապված է անձի զարգացման հնարավոր ուղղվածության, զարգացման ներուժային հնարավորությունների հետ, որոնք նկարագրվում են ընդունակությունների և հմտությունների միջոցով: Ընդ որում, հարկ է հիշել, որ անձնային առանձնահատկությունները կարող են լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին առանձնահատկությունները հարաբերակա­նորեն հաստատուն են և չեն փոփոխվում շրջակա միջավայրի ազդեցություններից: Ի տարբերություն դրանց, ձեռքբերովի առանձնահատ­կությունները ձևավորվում են անձի անհատական զարգացման ընթացքում, նրա կենսագործունեության արդյունքում և կարող են ձևափոխվել որոշակի ազդեցությունների հետևանքով: Սովորաբար, որպես բնածին անհատական առանձնահատկութ­յուն­ներ դիտարկվում են խառնվածքն ու ընդունակութ­յուն­ները: Բնավորությունն ու հմտությունները համարվում են ձեռքբերովի:


Խառնվածքը (լատ. temperamentum – համահարաբերական խառնուրդ, խառնվածք) անձի գործունեության ու վարքի ուժաբանական և հուզական կողմերը բնութագրող անհատական յուրահատկությունների ամբողջությունն է: Անձի ուժաբանական առանձնահատկությունները առավել կայուն և հաստատուն են այլ հոգեբանական յուրահատկությունների համեմատութ­յամբ: Դրանք բնութագրվում են հոգեկան գործընթացների և վիճակների ինտեն­սի­վության աստիճանով, դրանց ընթացքի արագությամբ, տեմպով, ռիթմով, ինչպես նաև իմպուլսիվությամբ (բռնկունությամբ): Խառնվածքի հիմնական բաղադրիչներն են` ընդհանուր հոգեբանական ակտիվությունը, շարժողականությունը, հուզականությունը: Խառնվածքի յուրահատ­կություն­ներով են պայմանավորվում անձի հակազդեցությունները որոշակի իրավի­ճակ­ներին: Այդուհանդերձ, պարտադիր չէ, որ միևնույն խառնվածքով մարդիկ նույն պայմաններում գործեն միևնույն կերպ:

Խառնվածքների տարբերակման առաջինը հայտնի տեսությունը խառնվածքների հումորալ (լատ. humor – հեղուկ, հյութ) տեսությունն է (առաջ է քաշվել Հիպոկրատի, մ.թ.ա. V դ. և Գալենի, մ.թ.ա. II դ. կողմից), որտեղ կարևորվում է օրգանիզմում չորս հիմնական հեղուկների` արյան (լատ. sanguis, սանգվե), ավիշի (լատ. phlegma, ֆլեգմա), մաղձի (լատ. chole, խոլե) և սև մաղձի (լատ. melan chole – մելան խոլե) բաղադրությամբ: Երկրորդը կառուցվածքային (կոնստիտուցիոնալ) տեսությունն է (հեղինակներ` Կրեչմեր, Շելդոն, 20-րդ դար, 20-40-ական թվականներ), որտեղ խառնվածքի առանձնահատկությունները կապվում են օրգանիզմի կառուցվածքային առանձնահատկությունների (դրա ֆիզիկական կառուց­վածքի, մարմնի առանձին մասերի հարաբերակցման) հետ: Երրորդ տեսության մեջ (Պավլով) կարևորվում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը: Ներկայումս առաջին երկու տեսություններն ունեն զուտ պատմական նշանակություն, այդուհանդերձ, հումորալ տեսության կողմից ընդունված տերմինաբանությունը շարունակում է մնալ որպես խառնվածքների դասակարգման միջոց:

ԽԱՌՆՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խառնվածքների հումորալ տեսության մեջ առանձնացվում են չորս հիմնական տիպեր (համաձայն որոշ աղբյուրների նախասկզբնական տեսքով այն ներառել է 9 կամ 13 տիպեր, որոնցից միայն չորսն են հետագայում ընդհանրացվել և պահպանվել): Այդ տիպերն են` սանգվինիկ, , ֆլեգմատիկ խոլերիկ, մելանխոլիկ :

Սանգվինիկ – աչքի է ընկնում ակտիվության, գործունակության բարձր մակարդակով, շարժումների արագությամբ և աշխուժությամբ, դիմախաղի (միմիկայի) հարստությամբ և բազմազանությամբ, խոսքի արագ տեմպով: Սանգվինիկները ձգտում են տպավորությունների արագ փոփոխությունների, հեշտությամբ և արագ կերպով արձագանքում են շրջակա իրադարձություններին, հաղորդակցվող են: Հույզերը հիմնականում դրական են, արագությամբ առաջանում և փոփոխվում են: Անհաջողություններն ապրում են համեմատաբար արագ և հեշտությամբ: Անբարենպաստ պայմաններում և ոչ ճիշտ դաստիարակության հետևանքով կարող են զարգանալ ցրվածություն, շտապողականություն, մակերեսայնություն:


Ֆլեգմատիկ – ունի հոգեկան ակտիվության ցածր մակարդակ, դանդաղկոտ է, դիմախաղը արտահայտիչ չէ: Ֆլեգմատիկները դժվարությամբ են գործունեության մի ձևից անցնում մյուսին, հարմարվում նոր իրավիճակին: Նրանց մոտ գերակշռում է հանգիստ, անվրդով տրամադրությունը: Զգացմունքներն ու հույզերը աչքի են ընկնում հաստատունությամբ, կայունությամբ: Անբարենպաստ պայմաններում դրսևորում են ալարկոտություն, հույզերի գունատություն, սովորույթ դարձած միանման գործողություններ կատարելու հակում:

Խոլերիկ – աչքի է ընկնում հոգեկան ակտիվության բարձր մակարդակով, գործողությունների առույգությամբ, կտրականությամբ, շեշտակիությամբ, շարժումների ուժով և դրանց արագ տեմպով, պոռթկունությամբ: Խոլերիկները հակված են տրամադրության կտրուկ փոփոխությունների, բռնկուն են, անհամբեր, երբեմն լինում են ագրեսիվ: Սկզբունքային են և նախաձեռնող: Անբարենպաստ պայմաններում և սխալ դաստիարակության արդյունքում անբավարար հուզական հավասարակշռությունը կարող է հանգեցնել սեփական հույզերը կառավարելու անընդունակության:

Մելանխոլիկ – բնութագրվում է հոգեկան ակտիվության ցածր մակարդակով, շարժումների և խոսքի դանդաղությամբ և զսպվածությամբ: Շուտ է հոգնում: Ունի բարձր հուզական զգայունակություն: Հույզերը խորն են և կայուն, արտաքնապես թույլ արտահայտված: Գերակշռում են բացասական հույզերը: Անբարենպաստ պայմաններում կարող է զարգանալ բարձր հուզական խոցելիություն,կարող է պարփակվել, ինքնամեկուսանալ:

Հումորալ տեսության կողմից առանձնացվող խառնվածքի տիպերին համապատասխանում են պավլովյան տեսության մեջ առանձնացվող տիպերը: Պավլովը, որպես անհատական տիպերի տարբերակման չափանիշներ ընդունում է նյարդային համակարգի դրսևորման ուժաբանական որակները` ուժը (ուժեղ-թույլ), հավասարակշռվածությունը (հավասարակշիռ – անհավա­սա­րակշիռ) և շարժունությունը (շարժուն – սակավաշարժ կամ իներտ): Ընդ որում, այս չափանիշներով դասակարգվում են ոչ միայն մարդիկ, այլև բարձրակարգ կենդանիները:

Ուժը բնութագրում է նյարդային համակարգի դիմացկունությունը երկար և լարված գործունեության ընթացքում: Ուժեղ նյարդային համակարգով մարդին չեն արձագանքում մանրուքներին, առույգ են, վիրավորվող չեն: Հավասարակշռությունը ցույց է տալիս նյարդային համակարգի կայունության աստիճանը: Այսպիսի մարդիկ քիչ են կախված միջավայրի փոփոխվող պայմաններից, առավել չափով ակտիվ են, քան ռեակտիվ: Շարժունությունը նյարդային համակարգի այնպիսի որակ է, որով բնութագրվում է դրա վերածրագրավորման, վերամիցման ընդունակությունը: Շարժունությունը թույլ է տալիս արագ հարմարվել իրականության փոփոխվող պայմաններին, ընկալել նոր իրադրությունն առանց ավելորդ հապաղումների:


Համեմատելով խառնվածքի հումորալ և պավլովյան դասակարգումները, հնարավոր է դրանց միջև գտնել որոշակի ընդհանրություններ: Այսպես` սանգվինիկ տիպին համապատասխանում է բարձրագույն նյարդային համակարգի ուժեղ-հավասարակշռված-շարժուն, ֆլեգմատիկին` ուժեղ-հավասարակշռված-իներտ, խոլերիկին` ուժեղ-չհավասարակշռված-շարժուն տիպերը: Մելանխոլիկ խառնվածքը բնութագրվում է նյարդային համակարգի թուլությամբ:

Անդրադառնալով խառնվածքի կոնստիտուցիոնալ տեսություններին, հարկ է նշել, որ այստեղ մարդու հոգեկան գործունեության ուժաբանական որակները դրվում են անմիջական կախվածության մեջ նրա ֆիզիկական կառուցվածքից: 20-րդ դարի 20-ականներին գերմանացի հոգեբույժ Կրեչմերը հայտնաբերեց և հիմնավորեց անհատի հոգեկան տիպի և նրա ֆիզիկական կազմվածքի միջև կապի առկայությունը: Նա առանձնացրեց չորս կառուցվածքային տիպեր, որոնցից յուրաքանչյուրը բնութագրվում է յուրահատուկ հոգեկան որակներով: Ֆիզիկական կառուցվածքի չորս տիպերն են` աստենիկ, պիկնիկ, ատլետիկ և դիպլաստիկ տիպերը: Աստենիկները բարձրահասակ են, թույլ կազմվածքով, հարթ կրծքավանդակով, ձգված դեպքով և երկար, բարակ քթով: Նրանց ուսերը նեղ են, ոտքերը` երկար: Պիկնիկները հիմնականում ճարպակալման հակվածություն ունեցող միջին հասակի կամ կարճահասակ մարդիկ են: Նրանց դիմագծերը սահուն են, կրծքավանդակը` ուռուցիկ, մեծամասամբ գեր են: Պիկնիկներն աչքի են ընկնում կարճ պարանոցով և կլոր գլխով: Ատլետիկները բարձր կամ միջին հասակի մարդիկ են, մարմնի համահավասար և ուժեղ կառուցվածքով: Նրանց մոտ զարգացած է մկանային համակարգը, ունեն լայն ուսեր, նեղ կոնքեր և արտահայտված դիմային ոսկորներ: Դիպլասիտկ տիպը բնութագրվում է վատ ձևավորված, անհամաչափ մարմնի կառուցվածքով:

Կրեչմերն առանձնացնում է նշված կառուցվածքային տիպերին համապատասխանող խառնվածքներ, որոնց տալիս է շիզոթիմիկ, իքսոթիմիկ և ցիկլոթիմիկ անվանումները: Շիզոթիմիկ խառնվածքը համապատասխանում է կառուցվածքային աստենիկ տիպին: Նա ինքնամփոփ է, զսպված, խնայող, հավասարակշռված: Շիզոթիմիկը պասիվ է գործողությունների մեջ, ինքնաներշնչվող, կամակոր է ու դժվար է հարմարվում փոփոխվող պայմաններին: Իքսոթիմիկ խառնվածքը բնութագրում է ատլետիկ կառուցվածքով մարդկանց: Սրանք հանգիստ, քիչ տպավորվող, զսպված ժեստերով և դիմախաղով մարդիկ են: Ատլտիկներն աչքի չեն ընկնում մտածողության ճկունությամբ, դժվար են հարմարվում իրավիճակի փոփոխություններին: Հակված են ռիսկի, քաչ են, սիրում են իշխել: Պիկնիկ ֆիզիկական կառուցվածքին համապատասխանում է ցիկլոտիմիկ խառնվածքի տիպը: Այսպիսի մարդիկ շփվող են, ունեն ռեալիստական հայացքներ: Սիրում են հարմարավետ կյանք, հակված են շատակերության: Ցիկլոտիմիկներն ուրախ են, շատախոս, կատակասեր: Դիպլասիտկ տիպի համար չի առանձնացվում որոշակի խառնվածքի տիպ:


Մեկ այլ հետազոտող, ամերիկացի Շելդոնն առանձնացրեց խառնվածքի երեք` վիսցերոտոնիկ (նաև էնդոմորֆ), սոմատոտոնիկ (նաև մեզոմորֆ) և ցերեբրոտոնիկ (նաև էկտոմորֆ) տիպերը, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է մարմնի որոշակի կառուցվածք: Վիսցերոտոնիկները (ստամոքսային տիպ) բնութագրվում են հարմարավետության և շատակերության հակումով: Նրանք բարեհոգի են, դանդաղկոտ, սակայն գործնական: Շփվող են և տանել չեն կարող միայնությունը: Սոմատոտոնիկների (մկանային տիպ) մոտ առավել ընդգծված է մկանային գործունեության հակումը: Նրանք ֆիզիկապես ուժեղ են, դիմացկուն, սնվում և քնում են չափավոր: Ձգտում են արկածների և հակված են ռիսկի: Ցերեբրոտոնիները (ուղեղային տիպ) զսպված են, ծածկամիտ ու լարված: Խուսափում են ուրախ, աղմկոտ, զվարճալի միջավայրերից: Շելդոնի կողմից առանձնացված տիպերը որոշակիորեն համապատասխանում են կրեչմերյան դասակարգամ տիպերին. պիկնիկ-վիսցերոտոնիկ, ատլետիկ-սոմատոտոնիկ, աստենիկ-ցերեբրոտոնիկ:

Անհատական հոգեբանական տիպերի յուրատիպ դասակարգում է տալիս շվեյցարացի հոգեբան Կարլ Յունգը: Նրա դասակարգման հիմքում ընկած են երկու` հոգեկան ակտիվության ուղղվածության և գերակայող գիտակցական ֆունկցիայի չափանիշները: Առաջին չափանիշով Յունգն առանձնացնում է ինտրովերտների և էքստավերտների: Ինտրովերտների ակտիվությունն ուղղված է հիմնականում դեպի նրանց ներաշխարհը, ներքին ապրումներն ու մտապատկերները: Ինտրովերտներին քիչ են հետաքրքրում արտաքին իրադարձությունները: Նրանք խուսափում են շփումներից, ինքնամփոփ են, մեկուսացած: Ի տարբերություն նրանց էքստարվերտներն ամբողջովին տրվում են արտաքին միջավայրի ազդեցությանը: Նրանց համար առավել կարևոր է այն, ինչը կատարվում է դրսում, արտաքին շրջապատում: Էքստրավերտները շփվող են, սիրում են խնջույքներ և ուրախ միջավայրեր:

Կախված գերակշռող գիտակցության գործառույթից` Յունգն առանձնացնում է զգայական, մտածական, զգացմունքային և ինտուիտիվ տիպերը: Իրականության հետ մարդու փոխհարաբերություններն, ըստ Յունգի, իրականանում են գիտակցության գործառույթների միջոցով, որոնք չորսն են` մտածողություն, զգայություն, զգացմունք և ինտուիցիա: Այդուհանդերձ, այդ գործառույթները չեն կարող հավասարապես արտահայտված լինել, ինչի հետևանքով մեզնից յուրաքանչյուրն ընկալում է իրականությունն իր մոտ գերակշռող գործառույթի տեսանկյունից: Զգայության միջոցով մենք իմանում ենք ինչ-որ երևույթի առկայության մասին, մտածողության միջոցով բացահայտվում են մեզ շրջապատող երևույթների էական կողմերը: Զգացմունքները գնահատում են այդ երոևույթները և ամբողջական իրադրությունը: Ինտուիցիան մեզ տալիս է ամբողջական պատկերացում իրականության մասին: Հետևաբար, զգայական տիպի համար առավել կարևոր են զգայությունների միջոցով ստացվող տվյալները, երևույթների առկայությունն ու բացակայությունը: Նրանց համար կարևոր չեն դրանց էական կողմերը, որոնք, սակայն, հանդիսանում են մտածական տիպի աշխարհաճանաչման հիմնական բովանդակությունը: Մտածական տիպի մարդիկ փորձում են բացատրել ցանկացած երևույթ, բացահայտել դրանց էությունը: Նրանց համար առավել կարևորվում է իմաստը, քան ձևը: Զգացմունքային տիպն առավել կարևորում է իր համար երևույթի արժեքը, անկախ դրա ձևից և բովանդակությունից: Ամեն ինչ որոշվում է սեփական անձի համար երևույթի նշանակությամբ: Ինտուիտիվ անձինք առավել վստահում են իրենց ինտուիցիային, քան զգայություններին ու մտածողությանը: Նրանք կարծես ընկալում են իրականության այն կողմերը, որոնք հասանելի չեն անմիջական դիտարկման: Ինտուիտիվ մարդիկ հակված են միստիցիզմի: