Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 65

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

1.3. Հոգեբանության խնդիրներն ու մեթոդները


Խնդիր, մեթոդաբանություն, մեթոդ, մեթոդիկա հասկացությունները: Հոգեբանության մեթոդաբանական սկզբունքները` դետերմինիզմ, համակարգայնություն, զարգացում: Հոգեբանության խնդիրների և մեթոդների կապը: Հոգեբանության ծավալման տեսական, գիտահետազոտական և կիրառական մակարդակները: Տեսական հոգեբանության խնդիրները (ընդհանուր հոգեբանական տեսության մշակում, հոգեբանական հասկացությունների և կատեգորիաների սահմանում, հոգեբանական հետազոտությունների արդյունքների ընդհանրացում, եզրահանգումների կառուցում), մեթոդները (գրականության վերլուծություն, հասկացությունների սահմանում, համադրում, խմբավորում, դասակարգում): Հոգեբանության գիտահետազոտական մակարդակի խնդիրները (նախկին գիտելիքի վերստուգում, նոր գիտելիքի ստացում, կիրառական հոգեբանական մեթոդների մշակում), մեթոդները (հիմնական` գիտափորձ, դիտում, օժանդակ` թեսթավորում, գործունեության արդյունքների և կենսագրական տվյալների վերլուծություն, զրույց, էքսպերտային գնահատում, անկետավորում): Կիրառական հոգեբանության խնդիրները (իրավիճակի հոգեբանական կողմերի գնահատում, ակնկալվող հետևանքների կանխատեսում, հոգեախտորոշում, հոգեբանական աջակցություն,), մեթոդները (ախտորոշիչ մեթոդներ (թեսթավորում, դիտում, հարցազրույց, անկետավորում, սոցիոգրամա), հոգեշտկողական մեթոդներ, հոգեթերապևտիկ մեթոդներ, հոգեբանական թրեյնինգներ): Հոգեբանության ծավալման մակարդակների փոխադարձ կապը: Հոգեբանական հետազոտության փուլերը:

Յուրաքանչյուր առանձին գիտության առջև դրված են որոշակի խնդիրներ, որոնց լուծման ընթացքում տվյալ գիտությունն առաջնորդվում է ընտրված մեթոդաբանական սկզբունքներով, օգտնվում հատուկ մշակված մեթոդներից և մեթոդիկաներից: Լինելով ինքնուրույն գիտություն, հոգեբանությունն ունի հստակորեն ձևակերպված խնդիրներ, ինչպես նաև այդ իսկ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ միջոցների լրակազմ:

Հոգեբանության խնդիրների, մեթոդաբանական սկզբունքների, մեթոդների և մեթոդիկաների կապը.

  1. Խնդիրներ – բացահայտել և համակարգել հոգեկանի դրսևորումների օրինաչափությունները, տալ հոգեկանի կառուցվածքային, գործառնական և ուժաբանական նկարագրությունը, մշակել հոգեկանի հնարավոր դրսևորումները կանխատեսող և կառավարող մեթոդներ:

  2. Մեթոդոլոգիա, մեթոդաբանություն – հոգեբանության առարկայի ընդհանուր հասկացումը որևէ պարադիգմայի տեսանկյունից (մատերիալիստական, իդեալիստական, ֆենոմենոլոգիական, էկզիստենցիալ և այլն):

  3. Մեթոդաբանական սկզբունքներ – հոգեբանական հետազոտությանը ներկայացվող պահանջներ:

  4. Հետազոտության մեթոդները – փաստերի ստացման ձևեր, եղանակներ, որոնք համապատասխանեցված են մեթոդաբանական սկզբունքներին:

  5. Հետազոտության մեթոդիկա – հոգեբանական հետազոտության նպատակին համապատասխանող մեթոդի կոնկրետ իրականացում:


Հոգեբանության խնդիրն, ընդհանուր առմամբ, հոգեկան իրականության դրսևորումների բացահայտումը, նկարագրությունն ու մեկնաբանությունն է: Այդուհանդերձ, հարաբերականորեն առանձնացվում են հոգեբանության առջև կանգնած խնդիրների ծավալման երեք մակարդակներ: Դրանք են` տեսական մակարդակը, գիտահետազոտական մակարդակը և կիրառական մակարդակը: Եվ, չնայած նշված երեք մակարդակները փոխկապակցված և միտված են միևնույն խնդրի լուծմանը, այդուհանդերձ, դրանք որոշակիորեն տարբերվում են: Այս մակարդակներից յուրաքանչյուրն ունի խնդիրների իր լրակազմը, որով էլ հենց որոշվում է դրանցում կիրառվող մեթոդների բնույթը:

1. Տեսական մակարդակ: Խնդիրները` կառուցել ընդհանուր հոգեբանական տեսություն, սահմանել հոգեբանական կատեգորիաներն ու հասկացությունները: Մեթոդները` գրականության վերլուծություն, հասկացությունների դասակարգում, խմբավորում, համադրում, փորձարարական տվյալների ընդհանրացում:

2. Գիտահետազոտական մակարդակ: Խնդիրները` վերստուգել արդեն ընդունված գիտելիքը, ստանալ նոր տվյալներ: Մեթոդները` հիմնական մեթոդներ. գիտափորձ և դիտում, օժանդակ մեթոդներ. գործունեության արդյունքների վերլուծություն, կենսագրական մեթոդ,երկվորյակային մեթոդ,սոցիոմետրիա,անկետավորում,թեսթավորում:

Դիտում – հետազոտության գիտական մեթոդ, որը չի բավարարվում միայն տվյալների պարզունակ գրանցմամբ, այլ գիտականորեն բացատրում է հոգեկան երևույթների պատճառները: Առօրեական դիտումը սահմանափակվում է փաստերի հասարակ գրանցմամբ, ունի չկազմակերպ­ված, պատահական բնույթ: Դիտման գիտական մեթոդը փաստի ներկայացումից անցնում է դրա ներ­քին էության բացահայտմանն ու բացատրությանը: Իրականացվում է համաձայն հատուկ պլանի, տվյալ­ները գրանցվում են հատուկ օրագիր-մատյանի մեջ:

Գիտափորձ – բնութագրվում է հետազոտվողի գործունեության մեջ հետազոտողի ակտիվ միջամտությամբ: Հետազոտության առարկան որոշակիորեն ընդգծվում և առանձնացվում է այլ հոգեբանական երևույթներից: Կախված գիտափորձի անցկացման միջավայրից առանձնացվում են դրա երկու տարատեսակներ` բնական և լաբորատոր: Բնական գիտափորձը ընթանում է սովորական պայմաններում: Լաբորատոր գիտափորձը` հատուկ պայմաններում, կիրառվում է հատուկ սարքավորում, փորձարկվողի գործողությունները ենթարկվում են հատուկ հրահանգավորման: Կախված գիտափորձի նպատակներից առանձնացվում են գրանցող և ձևավորող գիտափորձեր: Գրանցող գիտափորձը նպատակ ունի բացահայտելու առկա հոգեկան երևույթի դրսևորումների որակական և քանակական յուրահատկությունները: Ձևավորող գիտափորձի ընթացքում հետազոտվում է որևէ գործոնի ազդեցությամբ հոգեկան նոր բովանդակությունների, հատկությունների առաջացման, զարգացման գործընթացի յուրահատկությունները: Ձևավորող գիտափորձը կարող է լինել ուսուցանող կամ դաստիարակչական:


Գործունեության արդյունքների վերլուծություն – հետազոտական տվյալները ստացվում են հետազոտության օբյեկտի գործունեության արդյունքների վերլուծության ճանապարհով:

Կենսագրական մեթոդ - հետազոտական տվյալները ստացվում են հետազոտության օբյեկտի կենսագրական տվյալների հետազոտության ճանապարհով:

Երկվորյակային մեթոդ – բացահայտում է հոգեկան առանձնահատկությունների ձևավորման հասարակական և ժառանգական գործոնների համահարաբերակցական կապերը:

Սոցիոմետրիա – բացահայտում է սոցիալական խմբում միջանձնային կապերի առանձնահատկությունները:

Անկետավորում – կիրառվում է փորձարկվողի մասին որոշակի տվյալներ հավաքելու նպատակով:

Թեսթավորում – հոգեբանական ախտորոշման մեթոդ: Իրականացվում է թեսթերի` ստանդարտացված հարցերի և խնդիրների կիրառմամբ:

3. Կիրառական մակարդակ: Խնդիրները` իրավիճակի հոգեբանական կողմերի գնահատում, ակնկալվող հետևանքների կանխատեսում, հոգեախտորոշում, հոգեբանական աջակցություն: Մեթոդները` ախտորոշիչ մեթոդներ` թեսթավորում, դիտում, հարցազրույց, անկետավորում, սոցիոգրամա, հոգեշտկողական մեթոդներ, հոգեթերապևտիկ մեթոդներ, հոգեբանական թրեյնինգներ:

Անկախ այն հանգամանքից, թե որ մեթոդաբանական տեսանկյունից է դիտարկվում հոգեկանը (մատերիալիստական, սպիրիտուալիստական, ֆենոմենոլոգիական թե հոգեվերլուծական), որ մակարդակում է իրականանում հոգեբանական հետազոտությունը (տեսական, գիտահետազոտական, թե կիրառական), դրան ներկայացվում են որոշակի անփոփոխ պայմաններ, որոնք ընդունված են որպես հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկզբունքներ:

Հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկզբունքներն են`

  1. Դետերմինիզմ – հոգեկանի դրսևորումները պայմանավորված են որոշակի հանգամանքներով, բխում են դրսևորման միջավայրից, յուրաքանչյուր երևույթ ունի իր պատճառը և թողնում է որոշակի հետևանք:

  2. Համակարգայնություն – հոգեկանն իր բոլոր մակարդակներով, դրսևորումներով ու կապերով դիտարկվում է որպես մեկ միասնական համակարգ:

  3. Զարգացում – հոգեկանը դիտարկվում է որպես յուրահատուկ զարգացումներով անընդհատ ընթացող գործընթաց:

1.4. Հոգեբանության ոլորտներն ու կապն այլ գիտությունների հետ

Հոգեբանության ոլորտների առանձնացման չափանիշները` գործունեության տեսակ (աշխատանքի հոգեբանություն, կրթության հոգեբանություն, սպորտի հոգեբանություն և այլն), զարգացման մակարդակ (զարգացման (տարիքային) հոգեբանություն, համեմատական հոգեբանություն, հատուկ հոգեբանություն և այլն), անձի և հասարակության ներգրավվածություն (անձի հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն, զանգվածային երևույթների հոգեբանություն և այլն): «Ընդհանուր հոգեբանության» տեղը հոգեբանական գիտելիքի համակարգում: Հոգեբանության կապն այլ գիտությունների հետ` փիլիսոփայություն, մանկավարժություն, կենսաբանություն, հասարակագիտութ­յուն, քաղաքագիտություն, մաթեմատիկա, պատմություն և այլն:


Հոգեբանական գիտելիքի ծավալման շրջանակները բավականին լայն են. դրանց մեջ են ներառվում մարդկային գործունեության բոլոր ոլորտները, զարգացման բոլոր փուլերը, անհատական և խմբային հոգեբանական երևույթները: Ընդ որում, հոգեկանի դրսևորումները զգալիորեն տարբերվում են, կախված գործունեության բնույթից, զարգացվածության մակարդակից և այլն: Այնպես որ, առաջ է գալիս հոգեբանության առանձին ճյուղերի, բնագավառների տարբերակման անհրաժեշտություն: Այդ տարբերակման հիմքում ընկած են` գործունեության տեսակի, զարգացման մակարդակի, անձի հասարակական ներգրավվածության չափանիշները: Այս տեսանկյունից ժամանակակից հոգեբանությունն ունի հետևյալ կառուցվածքը`

1. Ընդհանուր հոգեբանություն: Ուսումնասիրում է հոգեկանի առաջացման, դրսևորման, գործառման և զարգացման ընդհանուր օրինաչափությունները: Կիրառում է հոգեբանության բոլոր ոլորտների տվյալները, իր հերթին ընդհանուր տվյալներ մատակարարելով այդ ոլորտներին:

Հոգեբանության մասնավոր ոլորտները`

2.Գործունեության տեսանկյունից`

ա) աշխատանքի հոգեբանություն,

բ) սպորտի հոգեբանություն,

գ) կրթության հոգեբանություն,

դ) բիզնեսի կամ ձեռներեցության հոգեբանություն և այլն:

3.Զարգացման տեսանկյունից`

ա) տարիքային – հետազոտում է անհատի կյանքի ընթացքում հոգեկանի զարգացման օրինաչափությունները, հոգեկանի դրսևորումների տարիքային առանձնահատկությունները,

բ)համեմատական – համեմատական հետազոտության է ենթարկում առանձին անհատների, ինչպես նաև կենդանիների և մարդու հոգեկան գործունեության առանձնահատկությունները,

գ)հատուկ հոգեբանություն - հետազոտում է հոգեկանի զարգացման ընթացքում տեղ գտած շեղումները,

4.Հասարակության և անձի փոխհարաբերությունների տեսանկյունից

ա)սոցիալական հոգեբանություն – հետազոտում է հոգեկան երևույթները մարդկանց փոխհարաբերությունների ընթացքում,

բ)անձի հոգեբանություն – հետազոտում է անձի հոգեբանական առանձնահատկությունները:

Հոգեբանությունը սերտորեն կապված է գիտական այլ ոլորտների հետ և գրավում է իր ուրույն դիրքը ներկայիս գիտական համակարգում:

Հոգեբանության կապն այլ գիտությունների հետ`

1.Փիլիսոփայություն: Հոգեբանության, ինչպես և այլ գիտությունների մեթոդական հիմքը փիլիսոփայությունն է: Այստեղ է իրականանում հիմնական հոգեբանական կատեգորիաների սահմանումը, մեթոդաբանական սկզբունքների առանձնացումը: