Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 70

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

2.Բնական գիտություններ` կենսաբանություն, ֆիզիոլոգիա, քիմիա, ֆիզիկա – հոգեկանի դրսևորումների նյութական մասի` նյարդային համակարգի ֆիզիոլոգիական, հոգեֆիզիկական և կենսաբանական գործընթացների հետազոտություն:

3.Կիբերնետիկա` հոգեկան ինքնակառավարման գործընթացների հետազոտում, զուգահեռների անցկացում:

4.Սոցիոլոգիա`հասարակական գործընթացներում հոգեկան գործոնի դերի բացահայտումը: Սոցիալական հոգեբանություն:

5.Մանկավարժություն` կրթության և դաստիարակության հոգեբանական օրինաչափությունների բացահայտում: Կրթական և դաստիարակչական գործընթացի արդյունավետության բարձրացում:

6.Տեխնիկական գիտություններ` հոգեբանական հետազոտությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների մշակում, ինչպես և տեխնիկայի և մարդու փոխհարաբերությունների հետազոտություն, տեխնիկական միջոցների նախագծման ընթացքում հոգեբանական օրինաչափությունների կիրառում:

1.5. Հոգեբանության հիմնական կատեգորիաները:

Հոգեբանության կատեգորիալ ապարատը` անձ, անհատ, անհատականություն, հոգեկան ակտի­վութ­յուն, գործունեություն, գիտակցություն, ճանաչում, գնահատում, հոգեկան գործընթացներ, հոգեկան վիճակներ, անհատական առանձնահատկություններ հասկացությունների գործածումը հոգեբանական համատեքստում:

Ինչպես և ցանկացած գիտություն, «Հոգեբանությունն» ունի հիմնական հասկացություն­ների, կատեգորիաների որոշակի համակարգ, որի միջոցով իրականանում է հոգեբանական գիտելիքի կառուցումը: Կատեգորիաները գիտության մեջ ընդունված այն առաջնային հասկացություններն են, որոնց հետ հարաբերակցությունից բխում են մնացած բոլոր հասկա­ցություն­­ները: Որպես այդպիսիք, «Հոգեբանության» պարագայում կարելի է առանձնացնել` «անձ», «անհատ», «անհատականություն», «հոգեկան ակտիվություն», «գործունեություն», «գիտակցություն», «ճանաչում», «գնահատում», «հոգեկան գործընթացներ», «հոգեկան վիճակներ», «անհատական հոգեկան առանձնահատկություններ» կատեգորիաները:

«Անձ», «անհատ», «անհատականություն»: «Անձ» հասկացությունը հոգեբանության հիմնական կատեգորիաներից է: Հոգեկան երևույթների դիտարկումը ենթադրում է դրանց կրողի` անձի առկայություն: Անձը հանդես է գալիս որպես մեկ ամբողջական համակարգ, որն իր մեջ միավորում է հոգեկան գործընթացները, վիճակները, առանձնահատկությունները, հոգեկանի գործառույթներն ու ոլորտները: Այդուհանդերձ, «անձ» հասկացությունն իմաստավորվում է երկու այլ` «անհատ» և «անհատականություն» հասկացությունների հետ փոխկապակցվածության պարագայում: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս երեք կատեգորիաներով արտահայտվում է միևնույն երևույթը` մարդը: Սակայն դրանց մասնակի կիրառումներն ունեն որոշակի տարբերությունններ: «Անհատ» հասկացությունն իր մեջ ներառում է կենսաբանական այն առանձնահատկությունները, որոնց ամբողջությունը թույլ է տալիս նույնականացնել անհատին որպես կոնկրետ տեսակի պատկանող միավորի: Այն դեպքում, երբ մարդու մասին խոսվում է որպես անհատի, նկատի են առնվում այն առանձնահատկությունները, որոնցով մարդն առանձնանում է կենդանական աշխարհի այլ տեսակների պատկանող անհատներից և նույնականացվում որպես բանական մարդ տեսակի ներկայացուցիչ: Այս առումով, բոլոր մարդկային անհատները փոխփոխարինելի են: «Անձ» հասկացությունն ավելի է նեղացնում ընտրության շրջանակները: Այն արտահայտում է մարդուն, նրա հասարակական կապերի, դերերի, կարգավիճակների ամբողջության տեսանկյունից: «Անհատականություն» հասկացության կիրառմամբ մարդը վերածվում է անփոխարինելի, յուրահատուկ, անկրկնելի էության: Այս հասկացություններից յուրաքանչյուրի կիրառումը կախված է այն հարաբերությունների բնույթից, որոնցում դիտարկցում է մարդը: Եթե ցանկանում են շեշտել նրա տեսակային պատկանելիությունը, կիրառում են «անհատ» հասկացությունը, հասարակական ներգրավվածության ընդգծման դեպքում` «անձ», ինտիմ, խիստ նեղ շրջանակի հարաբերությունների դիտարկման պայմաններում` «անհատականություն» հասկացությունները:


«Հոգեկան ակտիվություն», «գործունեություն»: «Ակտիվություն» հասկացությունն, ընդհանուր առմամբ, կիրառվում է որպես համակարգի ընդհանուր բնութագիր, որը նշանակում է սեփական նախաձեռնությամբ, առանց որևէ արտաքին ազդեցության, փոխհարաբերությունների մեջ մտնելու ընդունակությունը: «Հոգեկան ակտիվություն» հասկացությամբ նշանակվում է ներհոգեկան գործոններով պայմանավորված ակտիվութ­յունը: Ակտիվությանը հակադրվում է «ռեակտիվություն» հասկացությունը, որտեղ փոխհարաբերությունների բնույթը պայմանավորվում է արտաքին ազդեցությամբ, հանդես է գալիս որպես արտաքին ազդակին տրված հակազդեցություն (ռեակցիա): «Գործունեությունը» շրջապատող կենսամիջավայրի հետ անհատի փոխազդեցությունների ուժաբանական համակարգ է: Այն արտահայտում է հոգեկան ակտիվության կոնկրետ առարկայական դրսևորում: Հոգեբանության մեջ, հիմնվելով տարիքային առանձնահատկությունների վրա, առանձնացվում են գործունեության երեք գերակայող տարատեսակներ` խաղային (նախադպրոցական և ցածր տարիքիք դպրոցական), ուսումնական(միջին և բարձր տարիքի դպրոցական, պատանեկություն, երիտասարդություն) և աշխատանքային (պատանեկություն, երիտասարդություն և հասունություն):

«Գիտակցություն»: Գիտակցությունը հոգեկան ակտիվության բարձրագույն մակարդակ է: Այն ունի հասարակական պայմանավորվածություն: Գիտակցությունը բնութագրվում է ուղղվածությամբ (յուրաքանչյուր գիտակցում ինչ-որ բանի գիտակցում է), ինքնագիտակցման ընդունակությամբ: Գիտակցություն հասկացությունը հանդես է գալիս որպես հաշվարկման սկզբնակետ հոգեկան ակտիվության մակարդակների որոշման ընթացքում: Ըստ այդմ տարաբաժանվում են` գիտակցական, անգիտակցական, գերգիտակցական վիճակներ: Անգիտակցական և գերգիտակցական վիճակները բնութագրվում են ինքնագիտակցման նվազեցմամբ, արտաքին տարածաժամանակային աշխարհի հետ կապի թուլացմամբ: Ժամանակակից տրանսպերսոնալ (անդրանձնային) հոգեբանության մեջ գիտակցությունը դիտարկվում է որպես համատիեզերական սկզբունք և շատ դեպքերում նույնացվում համաշխարհային բանականությանը: Գիտակցական ակտիվության առանձին մակարդակները դիտարկվում են որպես գիտակցության ձևափոխված վիճակներ:

«Ճանաչում», «գնահատում»: «Ճանաչում» հասկացությունը հոգեբանության մեջ նշանակում է հոգեկան ապարատի կողմից արտաքին երևույթների հետ փոխազդեցության արդյունքում դրանց կրկնօրինակի` մտապատկերի առաջացման գործընթացը: Ճանաչել նշանակում է ձևավորել արտաքին երևույթի սեփական, իդեալական մանրակերտը: Մտապատկերի ձևավորումն իրականանում է իմացական գործընթացների արդյունքում: «Գնահատում» հասկացությունը ենթադրում է որոշակի սանդղակի առկայություն, որի միջոցով գնահատվում է տվյալ իրավիճակը, երևույթը: Հոգեբանության մեջ գնահատման գործառույթը իրականանում է հուզազգացմունքային ոլորտում` հաճելի-տհաճ, համակրելի-հակակրելի, վտանգավոր-անվտանգ և այլ սանդղակների միջոցով: «Ճանաչում» և «գնահատում» հասկացություններով արտահայտվող երևույթները սերտորեն փոխկապակցված են:


«Հոգեկան գործընթացներ», «հոգեկան վիճակներ», «անհատական հոգեկան առանձնահատկություններ»: «Հոգեկան գործընթացները» շարունակական հոգեկան երևույթներ են, կազմված իրար հերթականաբար հաջորդող փուլերից: Ընդ որում, այդ փուլերի հաջորդական հերթափոխը կրկնվում է պարբերաբար: Ի տարբերություն հոգեկան գործընթացների, որոնք գտնվում են անընդհատ ընթացքի մեջ, հոգեկան վիճակները հարաբերականորեն «անշարժ» են և ծառայում են որպես միջավայր, ֆոն գործընթացների իրականացման համար: «Անհատական հոգեկան առանձնահատկություններ» հասկացութ­յամբ նշանակվում են անհատի հոգեկանի կայուն, հաստատուն, կրկնվող դրսևորումները, հոգեկան գործընթացների ուժաբանական առանձնահատկությունները, անհատի վերաբեր­մուն­քը շրջապատող աշխարհի երևույթների նկատմամբ:

2. Հոգեկան վիճակներ և հոգեկան ակտիվության մակարդակները

2.1. Հոգեկան ակտիվության մակարդակները:

Ակտիվության ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեկան մակարդակները: Հոգեկան ակտիվության սանդղակ: Գիտակցություն և անգիտակցական: Գիտակցության ընդհանուր բնութագիրը: Գիտակցության ախտահարումներ (գիտակցության անջատում և խամրում): Հոգեկան ակտիվության վեգետատիվ, անգիտակից, գիտակցական, և գերգիտակցական մակարդակների համեմատական բնութագիրը: Հոգեկան ակտիվություն և հոգեկան վիճակներ (կայուն հետաքրքրություն, ստեղծագործական վերելք, համոզմունք, տարակույս, ապատիա, անտարբերություն, հիասթափություն, ֆրուստրացիա, ճնշվածություն և այլն):

Համակարգի ակտիվությունը պայմանավորված է նրա ներքին գործընթացներով և որոշվում է սեփական նախաձեռնությամբ շարժման մեջ մտնելու ընդունակությամբ: Կարելի է առանձնացնել ակտիվության ֆիզիկական (ֆիզիկաքիմիական), ֆիզիոլոգիական և հոգեկան մակարդակները: Ֆիզիկաքիմիական մակարդակում ակտիվությունը հարաբերականորեն կանխատեսելի է և կախված է քիմիական նյութի (օրինակ` ռադիոակտիվ նյութեր) կամ բնական երևույթի (հրաբուխի ակտիվացում) ներքին գործընթացներից, որոշակի քիմիական և ֆիզիկական մեծությունների տարբերություններից: Ֆիզիոլոգիական ակտիվությունը դրսևորվում է կենդանի օրգանիզմներում և արտահայտվում որպես օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացներից բխող երևույթ: Ֆիզիոլոգիական ակտիվությունն ուղղված է կենսականորեն անհրաժեշտ պահանջմունքների բավարարման ուղղությամբ: Ակտիվության հոգեկան մակարդակը հարաբերականորեն կտրված է նյութական նախահիմքից: Այստեղ առաջնային են համարվում ներհոգեկան գործընթացները, ներհոգեկան բովանդակությունների փոխազդեցությունները: Հոգեկան ակտիվության դրսևորումները մեծամասամբ անկանխատեսելի են և ունեն անհատական պայմանա­վոր­վա­ծութ­յուն: Հարկ է նշել, որ որոշ դեպքերում հոգեկան ակտիվության դրսևորումները թաքնված են (ինչպես օրինակ հնարավոր չէ մտածական գործընթացի ժամանակ արտաքին դրսևորումների միջոցով պարզել ակտիվության մակարդակը): Այդուհանդերձ, հոգեկան ակտիվությունը բնութագրվում է որոշակի չափանիշներով, որոնց կիրառմամբ առանձնացվում են ակտիվության մակարդակներ:


Հոգեկան ակտիվության որոշման չափանիշներից կարևորագույնը գիտակցականության չափանիշն է: Ընդհանուր առմամբ գիտակցական վիճակը նույնացվում է առօրեական գործունեության համար անհրաժեշտ հոգեկան ակտիվության օպտիմալ մակարդակի հետ: Հոգեկան ակտիվության օպտիմալ մակարդակում անհատը գիտակցում է իր շրջապատը, ինքն իրեն, իր արարքները: Այս դեպքում նրա ակտիվության դրսևորումները համապատասխանում են իրավիճակին, համաձայնեցվում շրջապատի կողմից թելադրվող պայմաններին: Հոգեկան ակտիվության մնացած մակարդակները որոշվում են գիտակցության հետ հարաբերությունների մեջ: Ըստ այդմ տարբերակվում են` անգիտակից վիճակներ և գերգիտակից վիճակներ (ոգեշնչում):

Գիտակցությունն, ընդհանուր առմամբ, կարելի է սահմանել որպես հոգեկան վերահսկողության կետ, որտեղ կենտրոնանում և վերամշակվում է իրավիճակում կողմնորոշման համար անհրաժեշտ արտաքին և ներքին միջավայրերից ստացվող ինֆորմացիան (ինֆորմացիայի որոշակի քանակություն չի հասնում գիտակցական մակարդակին` մնալով անգիտակցական կամ ենթագիտակցական մակարդակում), նախագծվում է հետագա գործողությունների պլան: Այս առումով գիտակցությունը համարվում է արտացոլման և վարքի կարգավորման բարձրագույն մակարդակ:

Անգիտակից և գերգիտակից վիճակներում փոխվում է միջավայրի ընկալումը: Առաջին հերթին խաթարվում է իրականության տարածաժամանակային պատկերը: Որոշ դեպքերում (քուն, երազներ), երբ նվազում է զգայարանների միջոցով ստացվող արտաքին ինֆորմացիայի հոսքը, ներհոգեկան բովանդակությունները կորցնում են իրենց տրամաբանական հաջորդականությունը, տարածաժամանակային փոխկա­պակցվա­ծութ­յունը: Թունավորումների, ոգելից խմիչքների և թմրադեղերի ազդեցութ­յան դեպքերում խեղաթյուրվում է զգայարանների միջոցով ստացվող ինֆորմացիան, իրականությունը փոխում է իր կառուցվածքը: Այս պայմաններում անհատը կարող է դրսևորել վարքի անհամապատասխան ձևեր: Գիտակցության էլ ավելի խորը ախտահարումների դեպքում (ֆիզիկական վնասվածքների կամ թունավորումների հետևանքով գիտակցության անջատում, մթագնում) ընդհանրապես կորչում է իրականության ընկալման ընդունակությունը, բացակայում են պատասխան հակազդեցությունները, որոշ դեպքերում (կոմա) նույնիսկ ֆիզիոլոգիական ռեֆլեքսները:

Նշված տվյալները թույլ են տալիս առանձնացնել հոգեկան ակտիվության վեգետատիվ, անգիտակից, գիտակցական և գերգիտակցական մակարդակները: Վեգետատիվ մակարդակում պահպանվում են օրգանիզմի սննդառության և գործունեության արգասիքների հեռացման գործառույթները, սակայն դրանց իրականացման համար անհրաժեշտ է կողմնակի միջամտություն: Ամբողջովին բացակայում է արտաքին միջավայրի ընկալումը, տեղաշարժվելու ընդունակությունը: Անգիտակից վիճակը բնորոշվում է հոգեկան ակտիվության նվազեցմամբ, միջավայրի աղճատված, որոշ դեպքերում դրվագային ընկալմամբ: Հնարավոր են ակտիվ գործողություններ, տեղաշարժեր (սոմնամբուլ վիճակներ): Գերգիտակցական վիճակ-ներում հնարավոր է զգայությունների և ընկալման սրացում, գերզգայական ինֆորմացիայի ընկալում (տրանս, մեդիումիզմ և այլն): Գերգիտակցական վիճակին հատուկ է ոգեշնչումը:


Հոգեկան ակտիվության հետ անմիջականորեն կապված են հոգեկան վիճակները: Տարբեր հոգեկան վիճակներ բնութագրվում են հոգեկան ակտիվության տարբեր մակարդակներով: Այսպես` որպես հոգեկան վիճակ ստեղծագործական վերելքն ուղեկցվում է ոգեշնչմամբ, գերզգայական ինֆորմացիայի ընկալման հնարավորությամբ, հիասթափությունն ուղեկցվում է հոգեկան ակտիվության նվազմամբ, իրականության աղճատված ընկալմամբ: Նույն կերպ, հոգեկան ակտիվության նվազեցումը կարող է հանգեցնել ֆրուստրացիայի, ճնշվածության և այլն:

2.2. Հոգեկանի գործառույթները հոգեկան տարբեր վիճակներում:

Գիտակցական և հուզական վիճակներ: Հոգեկանի գործառույթների դրսևորման առանձնահատկությունները հոգեկան ակտիվության տարբեր մակարդակներում: Հոգեկան վիճակների ազդեցությունը հոգեկան գործառույթների իրականացման գործընթացի վրա:

Վերը առանձնացվեցին հոգեկան ակտիվության չորս` վեգետատիվ, անգիտակցական, գիտակցական և գերգիտակցական մակարդակները: Այժմ փորձենք պարզել հոգեկանի գործառույթների և հոգեկան ակտիվության մակարդակների փոխկապակցվածությունը: Բանն այն է, որ հոգեկան ակտիվության առանձին մակարդակները տարբերվում են նաև հոգեկանի գործառույթների իրականացման տեսանկյունից: Այսպես` վեգետատիվ մակարդակում բացակայում են հոգեկան բոլոր գործառույթները: Այստեղ կենսաապահովման գործառույթն իր տեղը զիջում է ֆիզիոլոգիական գործընթացներին, պահանջմունքները չեն վերածվում մղումների, բացակայում է ցանկացած տիպի հոգեկան ակտիվություն: Անգիտակցական մակարդակում առավել պասիվ են ճանաչման և վարքի կարգավորման գործառույթները: Այստեղ առաջանում են որոշակի մղումներ, սակայն դրանց բավարարմանն ուղղված գործողությունները կրում են պատահական, անհամապատասխան բնույթ: Գիտակցական մակարդակում գործում են բոլոր հոգեկան գործառույթները: Գերգիտակցական մակարդակում առավելապես ակտիվանում է ճանաչման գործառույթը:

Անդրադառնալով հոգեկան վիճակներին` նշենք, որ նպատակահարմար է դրանք դիտարկել հոգեկանի գործառույթների տեսանկյունից, կախված այն հանգամանքից, թե որ գործառույթի հետ է առավելապես կախված տվյալ հոգեկան վիճակը: Ըստ այդմ կարելի է առանձնացնել` մոտիվացիոն, իմացական, հուզական և կամային հոգեվիճակներ: Այսպես, մոտիվացիոն ոլորտի հետ են կապված այնպիսի հոգեվիճակներ, ինչպիսիք են` կայուն հետաքրքրասիրության, հիասթափության, անտարբերության վիճակները: Իմացական ոլորտի հետ կապված հոգեվիճակներ են կասկածի, անուրջային, ցրված վիճակները: Հուզական հոգեվիճակներից նշենք աֆեկտիվ, էյֆորիկ, ֆրուստրացիոն վիճակները, կամային հոգեվիճակներից` հաստատակամության, տարակույսի վիճակները: Ինչպես տեսնում ենք հոգեկան վիճակներն անմիջականորեն փոխկապակցված են հոգեկան որոշակի մակարդակի հետ: