Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 71

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

ԸՆԿԱԼՄԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ:

Կանխամտածված ընկալում – այս դեպքում ընկալման գործողություն կապված է որոշակի խնդրի առաջադրման հետ և բնութագրվում է նպատակաուղղվածությամբ, սահունությամբ և համակարգվածությամբ:

Չկանխամտածված ընկալում – այս դեպքում ընկալումը հանդես է գալիս որպես մեկ այլ գործունեության բաղադրիչ կամ օժանդակող միջոց:

Ըստ առարկայի

Խոսքի – խոսքի նյութական միջոցների` այսինքն խոսքային հնչյունների տարբեր կոմբինացիաների վերլուծման և համադրման գործընթաց, որն իրականանում է անկախ այն հանգամանքից, թե ինչ ձևով է ներկայացվում խոսքը (գրավոր թե բանավոր):

Տարածության – հեռավորության, խորության և առարկաների տարածության մեջ տեղակայվածության ընկալում:

Ժամանակի – ժամանակային հաջորդականության և տևողության ընկալում:

Զգայական հատկությունների – զգայությունների միջոցով ստացվող որակների ընկալում:

Իմաստի – զգայությունների միջոցով ստացվող ինֆորմացիայի ենթատեքստային բովանդակությունների ընկալում:

ԸՆԿԱԼՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հաստատունություն – ընկալման պայմանների փոփոխման լայն դիապազոնի առկայության դեպքում ընկալվող առարկայի որոշ որակների (ձև, գույն, մեծություն և այլն) հարաբերական կայունությունը:

Իմաստավորվածություն – ընկալման հատկություն, որն արտահայտում է ընկալվող առարկայի իմաստավորված լինելու երևույթը:

Առարկայնություն – ընկալման կողմից ընկալվող առարկաների, երևույթների և հարաբերությունների զգայական որակների վերագրում հենց այդ առարկաներին, երևույթներին և հարաբերություններին, այլ ոչ զգայարաններին, կամ նյարդային համակարգի կառույցներին:

Կառուցվածքայնություն – ընկալման հատկությունը, որն արտահայտում է ընկալման առանձին ակնթարթային զգայություններից վերացարկվելու, դրանց հասարակ գումարից ավելին ընկալելու ընդունակությունը: Ընկալվում է զգայություններից վերացարկված, ընդհանրացված ամբողջական կառույց, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածում:

Ամբողջականություն – ընկալման սահմաններում ցանկացած առարկա և առավել ևս տարածական առարկայական իրավիճակը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն, եթե նույնիսկ դրա որոշ մասերն անմիջականորեն չեն ընկալվում:

Ընտրողականություն - մեկ կամ մի քանի առարկաների առանձնացում այլ առարկաներից:

ԸՆԿԱԼՄԱՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԸ:


Հալյուցինացիաներ – ընկալման խանգարում, որի դեպքում առաջ են գալիս զգայություններ և մտապատկերներ առանց համապատասխան արտաքին գրգռման: Հալյուցնացիաները հիվանդի կողմից ընկալվում են որպես իրականություն: Կախված մտապատկերի բնույթից տարբերակվում են` տեսողական, լսողական, համային, հոտառական, տակտիլ, բառային, շարժողական, երաժշտական հալյուցինացիաներ:

Իլյուզիաներ – տվյալ պահին իրականում գոյություն ունեցող և զգայարանների վրա ազդող առարկայի կամ երևույթի աղճատված ընկալում:

3.2.4.Հիշողություն

Հիշողության նշանակությունն իմացական գործընթացում: Հիշողության և անցյալի փոխկապակցվածությունը: Հիշողության գործընթացները` մտապահում, պահպանում, վերարտադրում, ճանաչում: Մոռացումը որպես հիշողության որևէ գործընթացի խզում: Հիշողության տեսակներն ըստ` մտապահվող բովանդակությունների միջև կապերի (ասոցիատիվ հիշողություն, տրամաբանական հիշողություն, մեխանիկական հիշողություն, էյդետիկ հիշողություն), առարկայի (շարժողական, մտապատկերային, հուզական, բառատրամաբանական, իրավիճակային), տևողության (երկարատև, կարճատև, օպերատիվ, ակնթարթային), կամային նախատրամադրվածության (կամածին հիշողություն, ոչ կամածին հիշողություն): Հիշողության հոգեֆիզիոլոգիական մեխանիզմները: Հիշողության խանգարումներ:

Հիշողությունը անհատի կողմից իր իսկ փորձի տվյալների մտապահման, պահպանման և վերարտադրման գործընթաց է: Հիշողության արդյունքը հիշողության մտապատկերներն են:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ:

Վերարտադրում – հիշողության գորընթաց, գիտակցության մեջ նախկինում ընկալված, սակայն ժամանակի տվյալ պահին բացակայող առարկաների, երևույթների, հարաբերությունների և մտապատկերների, ինչպես նաև նախկին փորձում տեղ գտած մտքերի, շարժումների և զգացմունքների ներկայացում:

Մոռացում – նախկին փորձի տարրերի վերարտադրման հստակության և ծավալի նվազում, որոշ դեպքերում նույնիսկ ընդհանրապես վերարտադրման և ճանաչման ընդունակության կորուստ:

Մտապահում – ստացվող ինֆորմացիայի տպավորման գործընթաց:

Պահպանում – որոշակի ժամանակահատվածում հիշողության մեջ ընկալված նյութի պահման ընդունակություն:

Ճանաչում – ընկալվող առարկայի նույնացում հիշողության մեջ պահպանվող կերպարի հետ: Իր մեջ ներառում է ինչպես հիշողական, այնպես էլ ընկալական և մտածական գործընթացներ:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ;

Ըստ կապերի


Ասոցիատիվ հիշողություն - հիշողության տարատեսակ, որի դեպքում հիշողության տարրերը փոխկապակցվում են զուգորդական կապերի (ըստ նմանության, տարբերության, տարածական և ժամանակային համընկնման) միջոցով:

Տրամաբանական հիշողություն – հիշողության տարատեսակ, որի դեպքում հիշողության տարրերը փոխկապակցվում են որոշակի տրամաբանական կապերով (սեռ և տեսակ, պատճառ և հետևանք, էություն և երևույթ և այլն): Տրամաբանական հիշողության բովանդակությունը կազմում են բառային ձևակերպում ստացած մտքերը:

Մեխանիկական հիշողություն – հիշողության տարատեսակ, որի դեպքում հիշողության տարրերը փոխկապակցված չեն ոչ տրամաբանական և ոչ էլ զուգորդական կապերով:

Ըստ առարկայի

Շարժողական հիշողություն – շարժումների կոորդինացիայի և հաջորդականության հիշողկան գործընթաց:

Մտապատկերային հիշողություն - զգայական մտապատկերների (տեսողական, լսողական, համի, հոտի և այլն) մտապահման, պահպանման և վերարտադրման գործընթաց:

Հուզական հիշողություն – որոշակի հույզերի և զգացմունքների մտապահման, պահպանման և վերարտադրման գործընթաց:

Բառատրամաբանական հիշողություն -

Ըստ տևողության

Երկարատև հիշողություն – ինֆորմացիան տեսականորեն անսահմանափակ ժամանակահատվածում պահպանելու ընդունակ հիշողության տարատեսակ:

Կարճատև հիշողություն – ինֆորմացիան կարճ ժամանակահատվածում (առանց կրկնման միջինը 20 վայրկյան) պահպանելու ընդունակ հիշողության տարատեսակ: կարճատև հիշողության ընթացքում պահպանվում է ընկալվածի ոչ թե ամբողջական այլ ընդհանրացված մտապատկերը, առավել էական տարրերը:

Ակնթարթային հիշողություն - զգայությունների միջոցով ընկալվածի ճշգրիտ և ամբողջական պատկերի ակնթարթային պահպանման ընդունակ հիշողության տարատեսակ, որի դեպքում չի իրականանում ստացված ինֆորմացիայի վերամշակում: Ակնթարթային հիշողության միջին տևողությունը 0,1-0,5 վայրկյան է:

Օպերատիվ հիշողություն – հիշողության տարատեսակ, որտեղ ինֆորմացիան պահպանվում է որոշակի, հնարավոր է նույնիսկ վաղօրոք որոշված` մի քանի վայրկյանից մինչև մի քանի օր, ժամանակահատվածում: Պահպանման ժամանակահատվածը որոշվում է անհատի առջև դրված այն խնդրի բնույթով, որի լուծման համար անհրաժեշտ է տվյալ ինֆորմացիան:

Ըստ հատուկ նպատակադրման գործոնի

Ոչ կամածին հիշողություն - մտապահելու կամ վերարտադրելու հատուկ նպատակադրության բացակայությամբ ընթացող հիշողական գործընթաց:


Կամածին հիշողություն- հատուկ նպատակադրումով իրականացող մտապահման և վերարտադրման գործընթաց:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ:

Ընկալված ինֆորմացիայի մտապահումն իրականանում է ժամանակավոր նյարդային կապերի առաջացման միջոցով: Այդ կապերը, կախված անհատի հիշողության առանձնահատկություններից կարող են պահպանվել բավականին երկար ժամանակ: Վերարտադրման ընթացքում ընտրողաբար ակտիվանում է այդպիսի կապերի որոշակի խումբ: Ընդ որում, այն ժամանակավոր կապերը, որոնք խանգարում են ակտիվացած կապի դուրս բերմանը, ճնշվում են:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ - անհատի կողմից սեփական փորձի տարրերի մտապահման, պահպանման, ճանչման և վերարտադրման ընդունակության խանգարում կամ կորուստ:

Մոռացկոտություն - հիշողության թերություն, որն արտահայտվում է մոռացման գործընթացի հաճախակի դրսևորումներով:

Ամնեզիա – նախկինում ձևավորված հիշողական բովանդակությունների վերարտադրման անընդունակություն: Տարբերակվում են ամնեզիայի ֆիքսված, կոնգրադ, ռետրոգրադ,անտերոգրադ, անտերոռետրոգրադ, ուշացող առաջադիմող, հուզածին, պոստհիպնոտիկ, տարատեսակներ:

  • Ֆիքսված ամնեզիա – տարածվում է ընթացիկ իրադարձությունների վրա:

  • Կոնգրադ ամնեզիա – տարածվում է միայն հոգեկան ախտահարման ժամանակահատվածում տեղ գտած իրադարձությունների վրա:

  • Ռետրոգրադ ամնեզիա – տարածվում է հոգեկան ախտահարմանը նախորդող իրադարձությունների վրա:

  • Անտերոգրադ ամնեզիա – տարածվում է հոգեկան ախտահարմանը հաջորդող իրադարձությունների վրա:

  • Անտերոռետրոգրադ – տարածվում է ինչպես հոգեկան ախտահարմանը նախորդող, այնպես էլ հաջորդող իրադարձությունների վրա:

  • Ուշացող ամնեզիա – տարածվում է հիվանդագին հոգեկան վիճակներում տեղ գտած իրադարձությունների վրա, սակայն վրա է հասնում այդ վիճակների ավարտից հետո:

  • Առաջադիմող ամնեզիա – հիշողության պաշարների աստիճանաբար նվազեցում` ներկայից դեպի անցյալը:

  • Հուզածին – ամնեզիայի տարատեսակ, որի հիմքում ընկած է ուժեղ հուզական ցնցում:

  • Պոստհիպնոտիկ ամնեզիա – տարածվում է հիպնոսի ընթացքում հիպնոտիկ ներշնչման արդյունքում առաջացած բովանդակությունների վրա: Դրսևորվում է արթնացումից հետո:

Հիպերմնեզիա – հիշողության ուժեղացում, սովորաբար ունենում է բնածին բնույթ և բնութագրվում է միջին նորմայի համեմատ մտապահվող ինֆորմացիայի ծավալի զգալի մեծացմամբ և պահպանման ժամանակահատվածի երկարատևությամբ:


Հիպոմնեզիա - հիշողության կամ դրա առանձին գործընթացների` մտապահման, պահպանման, վերարտադրման թուլացում:

Կրիպտոմնեզիա - հիշողության ախտահարում, որի դեպքում վերացվում են սահմանները հիշողության, անհատի իրական կյանքին վերաբերող բովանդակությունների և այլ մարդկանց, գրական հերոսների, սեփական երազներում տեղ գտած կամ ուրիշներից լսված իրադարձությունների վերաբերող բովանդակությունների միջև:

Կոնֆաբուլյացիա – հիշողության ախտահարում, որի դեպքում հիվանդի մտացածին բովանդակությունները նրա կողմից ընդունվում և ներկայացվում են որպես հիշողության, իրականությանը վերաբերող բովանդակություններ:

3.2.5.Մտածողություն

Մտածողությունը որպես իմացական գործընթացի կիզակետ: Մտածողության տարատեսակներն ըստ` մտածական գործունեության առարկայի (ակնառու-գործողութային, ակնառու-պատկերավոր, բառատրամաբանական), ըստ ստացված արդյունքի նորության (արտադրող` պրոդուկտիվ, և վերարտադրող` ռեպրոդուկտիվ): Մտածողության գործընթացները (հասկացության սահմանում, դատողություն, մտահանգում, դեդուկցիա, ինդուկցիա): Մտածողության գործողությունները (վերլուծում, համադրում, վերացարկում, համեմատում, կոնկրետացում, ընդհանրացում): Մտածողության արդյունքները` մտածական մտապատկեր և միտքը: Մտածական գործընթացի խախտումներ:

Մտածողությունը մարդկային իմացության, իրականության արտացոլման բարձրագույն աստիճանն է: Այս մակարդակում արտացոլումն իրականանում է հասկացությունների և եզրահանգումների միջոցով: Մտածողությունը թույլ է տալիս ստանալ գիտելիքներ իրականության այնպիսի հատվածների մասին, որոնք անմիջականորեն չեն ընկալվում իմացության զգայական մակարդակում, բացահայտել իրականության երևույթների միջև առկա միջառարկայական կապերը: Մարդկային մտածողությունն ունի պատմահասարակական բնույթ, անքակտելիորեն կապված է պրակտիկ գործունեության հետ, ծագումնաբանորեն և գործառութաբար կապված է խոսքի հետ: Մտածողության ֆիզիոլոգիական հիմքը գլխուղեղի վերլուծահամադրական գործունեությունն է:

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ:

Ակնառու-գործողութային մտածողություն – մտածողության տարատեսակ, որն ուղղված է իրավիճակի տեսողական հետազոտման և այդ իսկ իրավիճակում նյութական առարկաների հետ պրակտիկ գործողություններ կատարելու միջոցով պրակտիկ խնդիրների լուծմանը:

Ակնառու – պատկերավոր մտածողություն – մտածողության տարատեսակ, որն ուղղված է իրավիճակի տեսողական զննման և այդ իսկ իրավիճակը կազմող նյութական առարկաների հետ մտավոր գործողություններ կատարելու միջոցով խնդիրների լուծմանը: