Файл: ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ.doc

ВУЗ: Не указан

Категория: Не указан

Дисциплина: Не указана

Добавлен: 10.04.2024

Просмотров: 72

Скачиваний: 0

ВНИМАНИЕ! Если данный файл нарушает Ваши авторские права, то обязательно сообщите нам.

Բառատրամաբանական մտածողություն – մտածողության տարատեսակ, որտեղ որպես խնդրի լուծման միջոցներ հանդես են գալիս բառային վերացարկումներն ու տրամաբանական կառուցումները:

Վերարտադրող(ռեպրոդուկտիվ) մտածողություն – մտածողություն, որի ընթացքում ակտիվանում և կիրառվում են խնդրի լուծման համար անհրաժեշտ հիշողական բովանդակությունները:

Արտադրող (պրոդուկտիվ) մտածողություն – մտածողություն, որի գործունեության արդյունքում առաջ է գալիս նոր միտք, ձևավորվում է նոր գիտելիք:

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Հասկացությունների սահմանում – հասկացությունը մտածողության կառուցվածքային ձև է, որն արտացոլում է առարկան իր էական հատկանիշներով: Սահմանումը տրամաբանական գործողություն է, որով բացահայտվում է հասկացության բովանդակությունը, այդ իսկ հասկացության մերձավոր սեռը և տեսակային տարբերությունը նշելու միջոցով: Հասկացությունների սահմանումը առարկաների, երևույթների, հարաբերությունների առավել էական հատկություններն առանձնացնող դասերի մասին դատողությունների համակարգ է:

Դատողություն – որոշակի միտք պարունակող արտահայտություն: Մտածողության կառուցվածքային ձև, որն իրենից ներկայացնում է պնդում, այսինքն որևէ բանի հաստատում կամ ժխտում մտքի առարկայի նկատմամբ: Դատողությունները լինում են եզակի, մասնավոր և ընդհանուր: Եզակի դատողությունները վերաբերում են մեկ առարկայի, մասնավոր դատողությունները տվյալ խմբին պատկանող մի քանի առարկաների, ընդհանուր դատողություններ` տվյալ խմբի բոլոր առարկաներին:

Մտահանգում – մտածողության կառուցվածքային ձև, տրամաբանորեն փոխկապակցված դատողությունների շղթա, որից բխում է նոր դատողություն, նոր գիտելիք:

Դեդուկցիա – մտահանգման միջոց որտեղ միտքն ուղղված է ընդհանուրից դեպի մասնավորը:

Ինդուկցիա – մտահանգման միջոց, որտեղ միտքն ուղղված է մասնավորից դեպի ընդհանուրը:

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ:

Վերլուծում (վերլուծություն) – առարկայի, երևույթի, հատկությունների և միջառարկայական կապերի մտավոր մասնատման տրամաբանական գործողություն: Անքակտելիորեն կապված է համադրման հետ:

Համադրում (համադրություն) – առանձին մասերից ամբողջության կառուցման, առարկայի տարբեր տարրերի, մասերի, կողմերի մտավոր միավորման տրամաբանական գործողություն: Վերլուծության հետ կազմում է մտածողության վերլուծահամադրողական գործունեությունը:


Վերացարկում – առարկաների, երևույթների հատկությունների և հարաբերությունների շարքից որևէ յուրահատկության կամ հարաբերության առանձնացման մտավոր գործողություն: Վերացարկման արդյունքում ձևավորվում են վերացական հասկացություններ կամ տեսական ընդհանրացումներ:

Համեմատություն - առարկաների, երևույթների նմանությունների ու տարբերությունների հիման վրա կառուցվող և այդպիսիք բացահայտող տրամաբանական գործողություն:

Կոնկրետացում – հասկացության ընդհանուր սահմանումից եզակի առարկաների կամ երևույթների որոշակի դասի պատկանելիության մասին դատողությունների դուրս բերման մտավոր տրամաբանական գործողություն: Հակադրվում է ընդհանրացմանը:

Ընդհանրացում – էական հատկության առանձնացման և առարկաների ու երևույթների որոշակի դասի վրա դրա տարածման մտավոր տրամաբանական գործողություն: Հակադրվում է կոնկրետացմանը:

ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ:

Ամբիվալենտ մտածողություն (լատ. ambi – երկուստեկ և valens, valentis – ուժ, ուժեղ) – մտածողության խանգարում, որի դեպքում միաժամանակ կարող են ի հայտ գալ իրար հակասող, բացառող մտքեր:

Ինկոհերենտ (չկապակցված) մտածողություն – (լատ. incohaerens, incohaerentis – չկապակցված, անկապ) – մտածողության ախտահարում, որի դեպքում խախտված է մտածական գործընթացների հաջորդականությունը, կտրված են դրանց առանձին օղակների զուգորդական, տրամաբանական և իմաստային կապերը:

Պարալոգիկ մտածողություն – (հուն. paralogos – անբանական, անտրամաբանական) – մտածողության խանգարում, որը բնութագրվում է տրամաբանական կապերի բացակայությամբ, տրամաբանական նախադրյալներից բխող ճշմարիտ եզրակացություններ անելու անընդունակությամբ:

Տարրական մտածողություն – մտապատկերային, տարրական կոնկրետ բնույթի մտածողություն, աղքատ տրամաբանական գործողություններով: Դիտվում է սակավամտության դեպքում:

Պառակտված մտածողություն - բնութագրվում է ներքին տրամաբանական կապերի խախտմամբ, տարաբնույթ և իմաստով չկապված տարրերի միավորմամբ, մտքերի ամբողջականության և զուգորդումների շղթայի խախտմամբ:

Պերսերվատիվ մտածողություն - մտածողության ախտահարում, որի դեպքում մի քանի անգամ կրկնվում են որոշակի մտապատկերներ, մտքեր, բառեր:

Ինֆանտիլ մտածողություն – մտածողության տարատեսակ, որը հատուկ է վաղ տարիքի երեխաներին, սակայն հանդիպում է նաև առավել մեծ տարիքում` որոշ ախտաբանական վիճակներում: Բնութագրվում է անհամատեղելի բովանդակությունների միավորմամբ, սուբյեկտիվ և օբյեկտիվ մտապատկերների տարրալուծմամբ:


Աուտիստիկ մտածողություն (հուն. autos - ինքն) – մտածողության խանգարում, որը բնութագրվում է մտածական գործընթացի ուղղվածությամբ բացառապես դեպի սուբյեկտի ներքին աշխարհը` նրա դիրքորոշումները, ապրումները, հույզերը, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը,:

Դերեիստիկ մտածողություն (լատ. de – ժխտական նախածանց և res, rei – իր, առարկա) – մտածողության խանգարում, որի դեպքում դատողություններն ու եզրահանգումները մեծամասամբ պայմանավորված են հիվանդի հույզերով և ցանկություններով, այլ ոչ իրական առարկաներով, հանգամանքներով ու տրամաբանությամբ:

Սիմվոլիկ մտածողություն – մտածողությունը, որը գործում է հիվանդի ներքին ապրումներից բխող և միայն նրան հայտնի սիմվոլների միջոցով:

Մածուցիկ մտածողություն – դանդաղած, դժվարաշարժ, անէական մանրունքների վրա կանգնող մտածողություն:

Հանգամանքային մտածողություն - ախտահարված մտածողություն, որը բնութագրվում է գլխավորի և երկրորդկանի տարբերակման ընդունակության նվազմամբ կամ բացակայությամբ:

Ցատկանման մտածողություն – մտածողության ախտահարում, որն անմիջականորեն կապված է ուշադրության բարձրացված անկայունության և դիրքորոշումների փոփոխականության հետ: Բնութագրվում է մտածական գործընթացի նպատակի հաճախակի և անտեղի փոփոխմամբ:

3.2.6.Երևակայություն:

Երևակայության և մտածողության նմանություններն ու տարբերությունները: Երևակայության գործողությունները (սոսնձում, չափազանցում, կառուցվածքագրում, տեսակավորում, ընդգծում): Երևակայության տարատեսակներն ըստ` կամային նախատրամադրվածության (ակտիվ, պասիվ), արդյունքի նորության (արտադրող և ստեղծագործական), իրականության հետ փոխհարաբերությունների (իրատեսական երևակայություն, անուրջ, երազանք, երազատեսություն, ֆանտասմագորիա): Երևակայական մտապատկերի առանձնահատկությունները:


Երևակայությունը հիշողության բովանդակությունների վերամշակման միջոցով նոր մտապատկերների ձևավորման գործընթաց է: Երևակայության գործընթացի արդյունքում ձևավորվում է երևակայական մտապատկեր: Երևակայության գործընթացն իրականացվում է որոշակի գործողությունների միջոցով: Դրանք են`

ագլյուտինացիա – առանձին, իրականում անհամատեղելի մասերի երևակայական միավորում (օրինակ` ջրահարսը),

հիպերբոլիզացիա – առարկայի, կամ դրա առանձին մասի երևակայական մեծացում,

սխեմատիզացիա – առանձին մտապատկերների միավորում մեկ ամբողջական կառույցի` սխեմայի մեջ,

տիպիզացիա – համանման, ընդհանուր հատկությունների առանձնացում,

ընդգծում – առանձին որակների առանձնացում:

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ:

Ըստ կամային ներգործության:

Ակտիվ երևակայություն – երևակայության տարատեսակ, որի կիրառման միջոցով անհատը սեփական ցանկությամբ, կամքով ձևավորում է ցանկալի երևակայական մտապատկերը:

Պասիվ երևակայություն – երևակայության տարատեսակ, որի դեպքում երևակայական մտապատկերն առաջանում է ինքնաբերաբար, անհատի ցանկություններից և կամքից անկախ:

Ըստ երևակայական մտապատկերի նորության:

Վերարտադրող երևակայություն – առարկայի բնօրինակի նկարագրության, գծագրի կամ նկարի միջոցով դրա երևակայական մտապատկերի կառուցման գործընթաց:

Ստեղծագործական երևակայություն – նոր մտապատկերների ինքնուրույն կառուցման գործընթաց:

Իրականության հետ փոխհարաբերությունների տեսանկյունից

Իրատեսական երևակայություն – արտացոլում է իրականությունը, հիմնվում է իրական մտապատկերների վրա:

Անուրջներ – երևակայական մտապատկերը ներկայացնում է որոշակիորեն իդեալականացվող ցանկալի ապագան:

Երազանք - երևակայական մտապատկերը ներկայացնում է մոտ կամ հեռու ապագան և չի ենթադրում իրական արդյունքի անհապաղ իրականացում և համընկնում ցանկալի արդյունքին:

Երազատեսություն – պասիվ երևակայության դրսևորում, երևակայական մտապատկերը ձևավորվում է քնի ընթացքում:

Ֆանտազմագորիա - երևակայություն, որի մտապատկերին իրական ոչինչ չի համապատասխանում, կամ համապատասխանում է, բայց շատ քիչ չափով:

3.2.7. Ինտուիցիա և գերզգայական ընկալում:


Ինտուիտիվ իմացության առանձնահատկությունները. ինտուիցիան որպես իրականության արտազգայական, ամբողջական համընկալում: Գերզգայական ընկալում: Տարածական և ժամանակային սահմանների վերացում. հեռազգայություն, պայծառատեսություն: Գերզգայական ընկալման առաջացման պայմանները` ինքնաբուխ և վերահսկվող գերզգայական ընկալումներ: Գերզգայական ընկալումների հոգեդինամիկան: Գերզգայական տպավորությունների առանձնահատկությունները` դանդաղ ձևավորում, դրվագայնություն, սիմվոլիկական ձև: Գերզգայական ընկալման հավաստիությունը:

Խոսելով հոգեկանի ճանաչողության գործառույթի մասին, նշվեց, որ այն իրականանում է իմացական գործընթացների միջոցով, որոնք հաջորդում են միմյանց` կազմելով մեկ ընդհանուր շղթա: Իմացության հիմքում ընկած է զգայությունների միջոցով ստացվող առաջնային ինֆորմացիան (իրական երևույթների առանձին որակներ), որը վերամշակվում է ընկալման (ամբողջական առարկաներ), մտածողության (միջառարկայական կապեր) և երևակայության (նոր առարկաների և միջառարկայական կապերի ստեղծում) մակարդակներում: Ստացված ամբողջ ինֆորմացիան մտապահվում, պահպանվում և այնուհետև վերարտադրվում է հիշողության միջոցով:

Այդուհանդերձ, ճանաչողության գործառույթի իրականացման ընթացքում ոչ բոլոր դեպքերում է պահպանվում նշված շղթայի կառուցվածքը: Որոշ դեպքերում շրջապատող կենսամիջավայրի մասին պատկերացումները ձևավորվում են, շրջանցելով իմացության զգայական, ընկալական, մտածական մակարդակները, տրվում են անմիջականորեն, գոյանում են միանգամից` չենթարկվելով իմացական գործընթացի վերը քննարկված օրինաչափություններին: Այս դեպքում խոսքը իմացության ինտուիտիվ և գերզգայական ձևերի մասին է:

«Ինտուիցիա» (լատ. intueri – ակնդետ նայել, զննել բառից) հասկացությամբ նշանակվում է երևույթների բավականին լայն շրջանակ: Այսպես, միջնադարյան սխոլաստիկայի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Դունս Սքոթուսը (1265/1266-1308) և Օքհամը (1285-1349) գտնում էին, որ ինտուիցիայի միջոցով տրվում է առարկայի գոյությունը, այլ ոչ էությունը: Ինտուիցիայի միջոցով մենք իմանում ենք առարկան կա՞, թե՞ ոչ, սակայն նրա էությունը հասանելի չէ ինտուիցիային: Նոր ժամանակներում որոշակիորեն փոխվում են ինտուիտիվ իմացության մեկնաբանությունները: Դեկարտն (1596-1650) ինտուիցիան դիտարկում է որպես իմացության ձև, որը չի հիմնվում զգայությունների ու դեդուկտիվ մտահանգման օրինաչափությունների վրա և առավել հավաստի է, քան իմացության զգայական և մտածական ձևերը: Սպինոզայի (1632-1677) կարծիքով ինտելեկտուալ ինտուիցիան իմացության բարձրագույն ձև է, որի դեպքում առարկան անմիջականորեն ճանաչվում է իր էության մեջ: Ինտուիտիվ իմացության անմիջականության մասին է խոսում նաև Լոկը (1632-1704): Նա նշում է, որ ինտուիտիվ իմացության դեպքում երկու գաղափարներ համեմատվում են առանց այլ գաղափարների առկայության: Այս դեպքում մարդկային միտքն անմիջականորեն ընկալում է երկու գաղափարների միջև առկա կապը դրանց վրա գցված առաջին իսկ հայացքից: